«Թուրքիան իր սեփական խաղն է տանում Սիրիայում». Անուշ Հովհաննիսյան
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանի համոզմամբ` Թուրքիան այսօր Սիրիայում իր սեփական խաղն է սկսել: «Բնականաբար, վերջերս Թուրքիայի ներխուժումը Սիրիայի Ջերաբլուսի շրջան որոշակի պայմանավորվածությունների արդյունք էր, քանի որ առանց ԱՄՆ-ի եւ առավել եւս առանց Ռուսաստանի իրազեկվածության Թուրքիան այդ գործողությունն իրականացնել չէր կարող: Այն պահից սկսած, երբ Ռուսաստանն ապահովեց իր ներկայությունը Սիրիայում` ձեւավորելով հակաօդային տարածք, որեւէ օդային գործողություն այդ տարածքում հնարավոր չէր իրականացնել, սակայն Թուրքիան այս գործողությունն իրականացրեց նաեւ ռազմական օդուժի օգնութամբ, ինչն առանց Ռուսաստանի հետ փոխհամաձայնության հնարավոր չէր: Գործողությունն իրականացվեց օգոստոսի 24-ին` այն ժամանակ, երբ փոխնախագահ Բայդենը Թուրքիայում էր, որտեղ նա հաստատեց, որ գործողությունը համաձայնեցված է դաշնակիցների հետ: Սակայն Սիրիայում վերջին երկու օրերի զարգացումների մասին դժվար թե կարելի է նույնն ասել»,- ասաց թուրքագետը:
Նրա կարծիքով, ըստ այդ պայմանավորվածության, Թուրքիան չպետք է Ջերաբլուսից այն կողմ անցներ, սակայն արդեն սկսել է ռազմական գործողություններ Ջերաբլուսից դեպի հարավ տանող տարածքում:
«Եթե առաջին գործողությունների ժամանակ արձագանքները բավականին զուսպ էին, ապա արդեն օգոստոսի վերջին օրերին Ռուսաստանն իր մտահոգությունը հայտնեց այս զարգացումների վերաբերյալ, ԱՄՆ տարբեր ներկայացուցիչներ քննադատական նախազգուշացումներ արեցին, Իրանը նույնպես դատապարտեց: Այսինքն` Թուրքիան փորձում է իր իսկ խաղը տանել Սիրիայում եւ թնջուկ ստեղծել առանց այդ էլ բարդ իրավիճակում: Ինչո՞ւ Հարավում… Որովհետև այնտեղ Թուրքիայի համար շատ կարեւորը Հալեպի կռիվն է, այն, թե ով կվերահսկի Հալեպը»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը:
Թուրքագետի խոսքով` թեպետ պաշտոնական Թուրքիան պնդում է, որ իր հիմնական նպատակը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է, այնուամենայնիվ, Թուրքիան իրականում պայքարում է հենց քրդերի դեմ: