Եվրասիական բռակի հայկական մետաստազները
2017 թվականից Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված ապրանքների վրա կարող է հայտնվել «Պատրաստված Է ԵԱՏՄ-ում» մակնշումը: Այդ մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնյարյովը, ով, փաստորեն, Տիգրան Սարգսյանի ենթական է։ ԵԱՏՄ գծով, բնականաբար։
Եվ ուրեմն, Տիգրան Սարգսյանի ենթակա սույն Նիկոլայն ասել է, որ, ամենայն հավանականությամբ, 2017 թվականից կիրառությունից դուրս կգան «Պատրաստված Է Բելառուսում», «Պատրաստված է Ռուսաստանում», «Պատրաստված է Հայաստանում» մակնշումները, և դրանք կփոխարինվեն «Պատրաստված է ԵԱՏՄ»-ում արտահայտությամբ։ Ու քանի որ հազիվ թե սա Նիկոլայի սեփական մտքի թռիչքը լինի, կարելի է ենթադրել, որ գործ ունենք Տիգրան Սարգսյանի ստեղծարար հանճարի հերթական դրսևորման հետ, որը հավանորեն կգնահատվի նրանց կողմից, ովքեր ԱՄՆ-ում դեսպան աշխատելուց հետո իրեն նշանակել են աշխարհում ամենահակաամերիկյան կառույցի գործադիր ղեկավար։
ԵԱՏՄ-ապաշտները, իհարկե, կփորձեն հիմնավորել, որ սա տեխնիկական քայլ է, որևէ կապ չունի քաղաքականության հետ, և այլն։ Իրականում սա ոչ այլ ինչ է, քան ԵԱՏՄ-ի ստեղծման հիմքում դրված ցնդաբանության գործնական իրագործումը։ Պուտինը ԵԱՏՄ-ն ստեղծել է Եվրամիության օրինակով ու որպես ԵՄ-ի հակակշիռ։ Ստեղծել է՝ վերցնելով Եվրամիության արտաքին շղարշը, մոդելը՝ ԵԱՏՄ-ի հիմքում դնելով Խորհրդային Միության՝ իր նոստալգիան ու ուտոպիան, որը հակաուտոպիա է իրականում։
Ու քանի որ Պուտինը ցանկանում է ստեղծել ու, երևի, իր կարծիքով՝ արդեն ստեղծել է ԵՄ-ի ցուցանակով փափեթավորված ԽՍՀՄ-ը, որի փլուզումը համարում էր նախորդ դարի ողբերգություններից մեկը, հիմա ձեռնամուխ է եղել ԽՍՀՄ ատրիբուտիկայի վերականգնմանը։ Ենթագիտակցորեն, իհարկե, հույս ունենալով, թե այդպիսով հավասարվելու է ԵՄ-ին, որի անդամների արտադրանքի վրա մակնշված է նաև «Պատրաստված է ԵՄ»-ում արտահայտությունը։
Բայց այդպիսով ԵԱՏՄ-ն կնմանվի ԵՄ-ին ու կհասնի ԵՄ-ին մոտավորապես այնպես, ինչպես այն դեպքում, եթե Պուտինն իր սանրվածքը նմանեցնի Մերկելի սանրվածքին, կամ քայլվածքը՝ Օլանդի քայլվածքին, վերջում էլ մաշկի փոխպատվաստում անի ու նմանվի Օբամային։
Իրականում միակ արտադրանքը, որ կարող է հավակնել «Պատրաստված է ԵԱՏՄ»-ում մակնշմանը, բռնատիրական ռեժիմներն են, որոնք լինում են կամ «Regular» տեսակի, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին կան, ասենք, Ղազախստանում ու Բելառուսում, կամ «Lights» տարբերակով՝ ժողովրդավարական փաթեթավորմամբ, ինչպես, օրինակ, Հայաստանում։ «Պատրաստված է ԵԱՏՄ»-ում մակնշմանը կարող են հավակնել միայն այդ ռեժիմներն ու այդ ռեժիմներում ժողովրդավարական համակարգերից փոխառված անուններով պաշտոններ զբաղեցնողներն ու այդ երկրների քաղաքական, տնտեսական ու, որ ամենակարևորն է՝ վերջիններիս սիներջիկորեն մուտացնող ու միավորող կրիմինալ էլիտաները։ Դրանք «արտադրանքներ» են, որոնք կարող են պատրաստված լինել միայն ԵԱՏՄ-ում, ավելին, բոլորի վրա կարող է դաջված լինել Պուտինի անձնական ստորագրությունը։
Հայաստանում ու Հայաստանից դուրս քննարկվում է Հայաստանի վարչապետի ու կառավարության փոփոխության հարցը։ Անունները հայտնի կլինեն մի քանի ժամից, գուցե մի քանի օրից կամ հաջորդ շաբաթ։ Բայց անկախ անուններից ու անգամ ազգանուններից՝ բոլորը դասվելու են «Պատրաստված է ԵԱՏՄ»-ում մակնշմանը։ Ինչպես բելառուսական տրակտորներն ու հայկական պահածոները, ռուսական սամագոնն ու ղրղըզական չգիտեմինչը։ Տեսանելի ապագայում այդ մակնշումը կհայտնվի նաև ադրբեջանական թեյի վրա, որ ժամանակին այդքան սիրում էին Կոմկուսի հայկական սեկցիաների հրահանգիչները։
Հարություն Ավետիսյան