
«Երկու հանրություններն էլ պատրաստ են գնալ ցանկացած սցենարի, միայն թե ոչ զիջման». Թևան Պողոսյան

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը կարծում է, որ այսօր անվտանգության խնդիրների հետ կապված Հայաստանն ունի նոր մտածելակերպ եւ մոտեցում:
«Ելնելով նրանից, թե ինչ եմ տեսել օգոստոսին կամ սեպտեմբերի 2-ին Արցախում` վստահությամբ կարող եմ ասել, որ մենք ունենք նոր մոտեցում մեր անվտանգության խնդիրերին: Սակայն նաեւ ունենք մեկ այլ խնդիր. այն, ինչ այնտեղ կատարվում է, չի կարող երկարատեւ լինել, եթե չլինի ամբողջ հայության համակարգված աշխատանքը: Ինչո՞ւ ամբողջ հայության, քանի որ առանց հզոր Հայաստանի, հզոր Արցախ չի լինի, իսկ Հայաստանի հզորության համար կարեւոր է Հայաստանի, Սփյուռքի, Արցախի միասնական աշխատանքը: Մեր աշխատանքները պետք է հետեւողական եւ երկարատեւ լինեն: Մենք պետք է գիտակցենք, որ մեր թշնամին մեկ օրվա ընթացքում չի փոխվելու»,- ասաց Թեւան Պողոսյանը:
Նա մտահոգիչ է համարում այն, որ այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի հանրությունները պատրաստ են ցանկացած սցենարի, սակայն ոչ զիջման:
«Ես այնքան էլ չեմ հավատում այն բոլոր հանդիպումներին, քննարկումներին, որոնք տեղի են ունենում միջազգային հարթակում: Այսօրվա դրությամբ երկու հանրություններն էլ պատրաստ են գնալ ցանկացած սցենարի, միայն թե ոչ զիջման: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ համակարգային փոփոխություններ տեղի ունենան, զարգանան ժողովրդավարական ինստիտուտները, տնտեսությունը, արդարադատություն հաստատվի, կոռուպցիայի դեմ պայքարին զարկ տրվի, վերանա անպատժելիության մթնոլորտը: Խոսքով սա հեշտ է թվում, սակայն գործողությունների ժամանակ մենք կաղում ենք: Հիմա մենք ունենք ավելի շատ հնարավորություններ, քան նախկինում: Այսօրվա դրությամբ ամենասխալ բանը որեւէ զիջումների գնալն է. պետք է զարկ տալ Հայաստանի ավելի պինդ ողնաշարի ձեւավորմանը»,- ասաց Թևան Պողոսյանը: