
Ադրբեջանն ու Իրանն ավելացրել են առևտրաշրջանառությունը

Վերջին ամիսներին Ադրբեջանի և Իրանի միջև դիտվել է փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների աճ: Մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 70 տոկոսով, հայտնել է Բաքվում Իրանի առևտրային կցորդ Մուհամմեդ Իբրահիմ Նագիզադեն: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Նրա խոսքով` վերջին 4 ամսում Իրանից Ադրբեջան արտահանումը կազմել է 178 մլն դոլար:
Առևտրային կցորդը նշել է, որ ավելացել է նաև Ադրբեջանից արտահանումը Իրան: Այսպես, եթե 2015թ. Ադրբեջանը հարևան երկիր արտահանել է 15 մլն դոլարի ապրանք, ապա վերջին ամիսներին արդեն իսկ Իրան է մատակարարվել նման քանակության ապրանք:
«Մեր երկկողմ համագործակցությունն ակտիվորեն զարգանում է»,- ընդգծել է Նագիզադեն ճեպազրույցում:
Վերջինիս խոսքով` երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստում են նաև Ադրբեջանի և Իրանի նախագահների հաճախակի հանդիպումները: