Կրեմլը պատասխանել է ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակի ընդլայնմանը
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ցուցակի ընդլայնումը լրջորեն հակասության մեջ է մտնում երկու երկրների փոխհարաբերությունների հետ զգայուն ոլորտների վերաբերյալ, որոնք քննարկվել են Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի կողմից երկուշաբթի տեղի ունեցած հանդիպմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Դեռ մանրամասն չեմ կարող ասել: Ես կարող եմ միայն կրկնել այն, որ, անկասկած, պատժամիջոցային գործերում գլխավոր սկզբունքը, որով առաջնորդվում ենք, փոխադարձությունն է: Անկասկած, նոր ցուցակը կվերլուծվի, անխոս, դա ոչ մի կերպ չի նպաստում մեր հարաբերությունների զարգացմանը»,- լրագրողներին հայտարարել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանն արձագանքելու է պատժամիջոցային ցուցակի ընդլայնմանը:
«Կարելի է ափսոսանք հայտնել, որ երկու նախագահների հանդիպումը (ԱՄՆ և Ռուսաստան), որը կայացել էր G20-ի շրջանակում, մռայլվել է ինչպես այդ հանդիպման նախօրեին, այնպես էլ հաջորդող օրերին ահա այս հավելյալ քայլերով»,- հավելել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարությունը ռուսական ավելի քան 80 ընկերություն էր ներառել իր պատժամիջոցային ցուցակում` կապված Ղրիմի և Ուկրաինայի իրադարձությունների հետ, այդ թվում` էլեկտրոնիկայի ոլորտի ընկերություններ:
Պատժամիջոցային ցուցակի ընդլանման մասին հաղորդագրությունը հրապարակվել էր կառավարական Federal Register պարբերականում, որոշումը ուժի մեջ պետք է մտնի սեպտեմբերի 7-ից:
Ցուցակում ներառվել են ավելի քան 50 ընկերություններ, որոնք առնչություն ունեն «Գազպրոմի» հետ:
Ցուցակում ներառված բոլոր ընկերությունների վրա դրվելու են առևտրային սահմանափակումներ: