
Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորները կարող են կալանավորվել գյուլենականների հետ կապ ունենալու համար. ԶԼՄ-ներ

Թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման (FETÖ) դեմ պայքարի շրջանակում կարող են կալանավորվել Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 3 պատգամավորներ: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Ընդ որում` պարբերականը չի նշում պատգամավորների անունները: Բացի այդ` թերթի հոդվածագիր Աբդուլքադիր Սելվին նշում է, որ ԱԶԿ-ի 48 պատգամավոր կասկածվում է Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ:
Թուրքական իշխանությունները դեռ չեն հաստատել այդ տեղեկությունը:
Թուրքիայի օրենսդրությունը նախատեսում է, որ պատգամավորի կալանավորմանը պետք է նախորդի նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը:
Ներկայումս ԱԶԿ-ն խորհրդարանում ներկայացված է 317 պատգամավորով: