ՀՀԿ-ական պատգամավորը՝ վարչապետի հնարավոր հրաժարականի շուրջ տարածված տեղեկությունների մասին. «Դրանք ենթադրություններ են»

«Ես մամուլից եմ լսել, այն էլ՝ այսօր առավոտյան՝ ռադիոյով»,- խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին մամուլում շրջանառվող տեղեկությունների մասին՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։

Լ. Ալեքսանյանը նշեց, որ այդ տեղեկության մասին ինքը գաղափար չունի. «Ինձ համար զարմանալի էր, որ նման տեղեկություն է մամուլում շրջանառվում, որևէ խոսակցություն, քննարկում այդ թեմայով չի գնացել։ Ըստ երևույթին, դրանք ենթադրություններ են»։

Նա նաև նշեց, որ ինքը նախադրյալներ չի տեսնում Հ. Աբրահամյանի հրաժարականի համար։

Հարցին, թե ինչո՞ւմ է սխալվել Հովիկ Աբրահամյանը, Լ. Ալեքսանյանն այսպես պատասխանեց. «Երբեմն շատ են խոսում անհատի մասին, գուցե մեր իրականությունն է այդպիսին։ Այստեղ խնդիրը կառավարության ծրագրի մասին է։ ԱԺ-ն հաստատում է քաղաքական ծրագիր, թե ո՞ր անհատը կլինի, դա ՀՀ նախագահի գործն է։ Այդ խոսակցությունները շատ նեղ են։ Եթե խոսում ենք տնտեսության թվերի մասին, դրա օբյեկտիվ և սուբյեկտիվ պատասխանները կան։ Ես, համենայն դեպս, չեմ տեսնում այդ նախադրյալները, որի համար պետք է Հովիկ Աբրահամյանը հրաժարական տա։ Ուրիշ բան է, որ խոսքը գնում է ազգային համաձայնության կառավարության մասին։ Իսկ դա շատերն ուրիշ ձևով են պատկերացնում։ Սա դեռևս գալիքի խնդիր է։ Իսկ Հովիկ Աբրահամյանի անձի հետ կապված՝ ես ո՛չ խոսակցություններ եմ լսել, ո՛չ էլ նախադրյալներ եմ տեսնում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս