Հունաստանում հեղեղումներ են սկսվել հորդառատ անձրևներից, կան զոհեր

Տեղատարափ անձրևներն ու փոթորկալի քամիները հեղեղումներ են առաջացրել Հունաստանի արևմուտքում, Պելոպոնեսում զոհվել է երեք մարդ, տեղեկացնում է Skai հեռուստաալիքը:

Վերջին օրվա ընթացքում եղանակը վատացել է Հունաստանի մի քանի շրջաններում, տարերքի հիմնական հարվածը բաժին է հասել արեւմտյան եւ հյուսիսային շրջաններին: Պելոպոնեսի Կալամատայի շրջանում մի քանի գյուղ է հեղեղվել: Պիդիմա ավանի իր տանը զոհվել է հաշմանդամ մի կին. նա չի կարողացել զանգահարել հրշեջներին, որպեսզի իրեն տարհանեն: Բացի այդ, հաղորդվում է եւս երկու մարդու զոհվելու մասին:

Տարածաշրջանի ղեկավարը հայտնել է, որ ջուրը բարձրացել է երկու մետրով: Արգելափակված են մնում յոթ ավաններ եւ ուսանողական կենտրոնը, որտեղ գտնվում են 80 երեխաներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Տոռնադո է մոլեգնել Պելոպոնեսի արեւմտյան ծովափի Կատակոլո քաղաքում եւ Զակինտոս ու Կեֆալոնիա կղզիներում: Փոթորկալի քամին արմատախիլ էր անում ծառերը, պոկում էլեկտրահաղորդման գծերը: Շարքից դուրս են եկել տասնյակ լուսացույցներ, ինչը հանգեցրել է երթեւեկության քաոսի:

Պելոպոնեսի կենտրոնական մասում ճանապարհները վերածվել են գետերի: Փրկարարները տարհանման խնդրանքով հարյուրավոր զանգեր են ստացել ավտոմեքենաներում մնացած մարդկանցից: Նրանց նաեւ խնդրում են ջուրն արտամղել ողողված տներից ու խանութներից:

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, սեպտեմբերի 7-ին եւս անձրեւներ են սպասվում ամբողջ երկրում:

Լուսանկարը` AP

Տեսանյութեր

Լրահոս