Վրացական «Իմեդի» հեռուստաալիքը սերիալ է ցուցադրում Սահակաշվիլիի կառավարման սարսափների մասին

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքը սեպտեմբերի 6-ի ուշ երեկոյան սկսել է «Հերոկրատիա» բազմասերիանոց ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կառավարման ինը տարիների մասին:

Ֆիլմի ռեժիսոր, վավերագրող Գեորգի Խաինդրավայի խոսքով, որը Սահակաշվիլիի կառավարությունում աշխատել է որպես հակամարտությունների կարգավորման հարցերի պետնախարար, այդ ֆիլմն այն մասին է, թե վրացական հասարակությունն ինչ կրակների ու դժոխքի միջով է անցել Սահակաշվիլիի օրոք:

«Այդ դժոխքով Վրաստանում 300 հազար մարդ Է անցել, որոնց իրապես վերաբերել Է այն ժամանակվա իշխանությունների կողմից գործադրված բռնությունը: Դա չի կարելի մոռանալ»,- լրագրողներին հայտարարել է Խաինդրավան:

Ֆիլմն արտացոլում է այն տարիների իրական պատկերները, որոնք գեղարվեստորեն վերարտադրվել են դերասանների մասնակցությամբ, ի դեմս որոնց հանդիսատեսը ճանաչում է Սահակաշվիլիի ռեժիմի բազմաթիվ «հերոսների»:

Սերիալը, որի պայմանական անվանումն է «9+1», նկարահանվել է Վրաստանի նախկին վարչապետ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի պատվերով ու ֆինանսավորմամբ: Սերիալը ցուցադրվելու է շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, ուրբաթ եւ կիրակի օերերին երկրի խորհրդարանական ընտրություններին նախորդող շրջանում, որոնք նշանակված են հոկտեմբերի 8-ին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Տեսանյութեր

Լրահոս