«Պայքարելու ենք, որպեսզի ոսկե մեդալը վերադարձնենք Հայաստան». Միհրան Հարությունյանի մարզիչ
Պայքարելու ենք, որպեսզի ոսկե մեդալը վերադարձնենք Հայաստան։ Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարեց Միհրան Հարությունյանի մարզիչ Սամվել Գևորգյանը։
«Տեսաք՝ ինչպիսի անբարո կերպով խլեցին մեր ոսկե մեդալը։ Այս օլիմպիական խաղերին Միհրանն ընդհանրապես ոչ մի խախտում չի արել, ոչ մի տեղ չի թողել, որ գոնե մեր մարզիչներով իրեն ասենք՝ եթե այս պահն այսպես անեիր, կարող է՝ այսպես լիներ։ Եթե ուշադիր նայեք եզրափակիչ գոտեմարտը, սերբ ըմբիշն անընդհատ Միհրանի «տրիկոն» քաշում էր, ինչը չի կարելի։ Հիմա մենք մեր ղեկավարների հետ, պարոն Ծառուկյանի հետ խորհրդակցել ենք ու փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ոսկե մեդալը կարողանանք հետ բերել։ Դիմել ենք Լոզանի դատարան։ Ինչքան հնարավոր է՝ կպայքարենք, որպեսզի հետո չզղջանք, որ ինչ-որ մի բան չենք արել»,- ասաց նա։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նշեց՝ արդեն ասվել է, որ ՀԱՕԿ-ը քայլեր է ձեռնարկել, որ Միհրանի հարցն արդարացի լուծում ստանա. «Այդ հարցին այժմ ոչ ոք չի կարող լիարժեք պատասխան տալ, դա կորոշի Միջազգային սպորտային դատարանը՝ անցկացնելով բոլոր փորձաքննությունները՝ կապված գոտեմարտի հետ։ Հուսանք, որ արդարացի լուծումը կստացվի։ Բոլոր համապատասխան թղթերն ուղարկված են: Թե ինչ կլինի, չեմ կարող պատասխանել: Թե ով է նման գոտեմարտի դատավարության հեղինակը, իմ կարծիքով, այդ հարցին ևս ոչ մեկս չենք կարող պատասխանել: Փաստը մնում է փաստ, որ միջազգային ըմբշամարտի ֆեդերացիան գլխավորում է ազգությամբ սերբ Լալովիչը: Ես համոզված եմ, որ ինքն անձամբ խառնված չէ այս հարցին, բայց կան ծախված մարդիկ, որոնք ցանկանում են արջի ծառայություն մատուցել։ Գիտակցելով, որ միջազգային ֆեդերացիայի նախագահն ազգությամբ սերբ է, ցանկացած մրցավար այդ պահին կցանկանար հաճոյանալ նրան»։
Անձամբ Միհրան Հարությունյանը հույս չունի, որ մեդալը կվերադարձնեն. «Հույս ունեմ, որ սա ինչ-որ կերպ կազդի մեր տղաների հետագա մասնակցությունների վրա։ Եթե մեզ մոտ ինչ-որ բան ստացվի, գլխավորն այն չի լինի, որ վերադարձրել ենք մեդալը, այլ այն, որ հաջորդ անգամ չեն խանգարի մեզ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: