«Պիտի… պիտի… վիրավորները չեն սպասում». Թևան Պողոսյանը` Արտեմ Ասատրյանին

Ապրիլյան պատերազմից հետո կան վիրավորներ, որոնց մինչ օրս սոցիալական աշխատողներ դեռ չեն այցելել: Այս մասին այսօր ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց պատգամավոր Թևան Պողոսյանը:

Նա ներկայացրեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում իր մշակած լրացումները, որոնցով նախատեսվում է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության և համապատասխան մարզպետարանների սոցիալական աշխատողները եռամսյակը մեկ այցելություններ իրականացնեն ծառայության ընթացքում վիրավորում ստացած անձանց և տան անհրաժեշտ բժշկական ցուցումներ՝ արձանագրելով նրանց առողջական և սոցիալական վիճակը, տալով օրենսդրորեն սահմանված պետական երաշխիքներից օգտվելու անհրաժեշտ խորհրդատվություն: Ըստ պատգամավորի` սրա արդյունքում մեկ պատուհանի սկզբունքով աջակցություն կտրամադրվի վիրավորներին:

Նա նշեց, որ ամռան ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը սեփական նախաձեռնությամբ այցելել է զինծառայողների ընտանիքներին և ներքին հրահանգ է իջեցրել` ամիսը մեկ անգամ այցելություններ կազմակերպել: Խնդրին, ըստ էության, լուծում տրվել է, սակայն, Թ.Պողոսյանի կարծիքով, հարկավոր է ոչ թե ներքին հրահանգով, այլ օրենսդրորեն լուծում ապահովել: Նա ընդգծեց, որ խնդիրը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական է, որոշ դեպքերում կենցաղային պայմաններն այնպիսին են, որ անգամ մենակ զուգարան գնալու դժվարություններ կան:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը մանրամասն ներկայացրեց սոցիալական ոլորտում անելիքները, որ համակարգերն արդեն դրված են, աշխատանքները տարվում են:

«Պիտի… պիտի… վիրավորները չեն սպասում»,- դժգոհեց Թ.Պողոսյանը` կոչ անելով համատեղ աշխատել:

«Եթե համակարգերն այսօր լիարժեք գործեին, մենք այստեղ այս խնդիրը չէինք քննարկի»,- արձագանքեց Ա.Ասատրյանը` նշելով, որ վերապատրաստում է իրականացվում, որ սոցաշխատողները լիարժեք սոցաշխատողներ դառնան, նաև հավաստագրման գործընթաց է սկսվել, պետք է տեղեկատվական բազա լինի, և այլն:

«Խնդիրներին համակարգային լուծումներ տալով ՝առաջ ենք գնում»,- վստահեցրեց նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս