ԱԺ-ում «գաղտնի» վերսկսել են Հարկային օրենսգրքի նախագծի փակ քննարկումները
Ազգային ժողովում վերսկսվել են Հարկային օրենսգրքի նախագծի փակ քննարկումները: Նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո դրանք նախաձեռնել էր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, սակայն բավականին թեժ մթնոլորտում անցնող քննարկումներն ամռանն ընդհատվել էին` արձակուրդների պատճառով:
Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նախագծի քննարկումներն առայժմ կշարունակվեն: Ըստ նրա` արդեն իսկ շատ փոփոխություններ են արվել:
«272 առաջարկություն է եղել, մոտ 140-ն ընդունվել է, մնացածի վրա դեռ շարունակում ենք աշխատել»,- ասաց Վ.Այվազյանը:
Ուշագրավ է, որ այսօրվա քննարկմանը հասարակական հատվածից մասնակիցներ չկային, միայն պատգամավորներն էին մասնակցում: Իսկ մինչև երկրորդ ընթերցման ներկայացնելը շատ ժամանակ չի մնացել. սեպտեմբերի 9-ի նիստում Տնտեսական հանձնաժողովը նախատեսում է հաստատել ՀՕ-ի նոր տարբերակը:
Հիշեցնենք, որ օրենսգիրքը բաղկացած է 4 հիմնական մասերից` ընդհանուր մաս, որտեղ հիմնական կարգավորումներն են և միատեսակ մոտեցում է սահմանվել տարբեր հարկատեսակներով հարկման հարաբերություններում, երկրորդը հատուկ մասն է, որտեղ ներառված են հիմնական հարկատեսակների կարգավորումները, երրորդը` հարկային վարչարարության մասը, չորրորդն անցումային մասն է: Ըստ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի՝ ՀՕ-ի հիմնական սկզբունքներն են` խրախուսել տնտեսական գործունեությունը, նպաստել ակտիվացմանը և երկարաժամկետ աճի ապահովմանը: Սակայն գործարար աշխարհը նախագծի մասին ճիշտ հակառակ կարծիքն ուներ:
Հիշեցնենք, որ Հարկային նոր օրինագիծն ԱԺ–ում առաջին ընթերցմամբ ընդունվել էր 68 կողմ, 21 դեմ, 18 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Պատգամավորները կառավարության հետ պայմանավորվածություն ունեին՝ առաջին ընթերցմամբ ընդունել նախագիծը և քննարկումների շարք սկսել մինչև սեպտեմբեր։