
Երկրագնդի առնվազն 758 միլիոն բնակիչ գրաճանաչ չէ. ՅՈՒՆԵՍԿՕ

Մոլորակի առնվազն 758 միլիոն չափահաս բնակիչներ մնում են ոչ գրաճանաչ, նրանց մեծ մասը կազմում են կանայք: Այս տագնապալի վիճակագրությունը տեղ է գտել Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) նոր զեկույցում, որը կներկայացվի այսօր՝ սեպտեմբերի 6-ին:
Հայտնելով կրթության մոնիթորինգի տվյալները՝ այդ կարեւոր միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան նշել է, որ դպրոց չհաճախող երեխաների թիվն աշխարհում հասնում է առնվազն 263 միլիոնի: Նրանց մեկ երրորդը հակամարտությունների շրջաններում գտնվող երեխաներն են: «Աճում Է դպրոցների վրա հարձակումների թիվը,- մատնանշել է կազմակերպության ղեկավարը:-
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ փախստական երեխաների կողմից դպրոց չհաճախելու հավանականությունը հնգակի աճում է»:
Ներկայիս միտումների պահպանման դեպքում տարրական կրթության համընդհանուր ընդգրկում ձեռք կբերվի սոսկ 2042 թվականին: Ամենաաղքատ երկրները, սակայն, այդ նպատակին կհասնեն 100 տարի ավելի ուշ, քան ամենահարուստ երկրները:
«Ամենածանր բեռը բաժին է ընկել աղջիկներին ու կանանց,- կարծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը:- Աֆրիկայի՝ Սահարայից հարավ ընկած երկրներում աղջիկները, որոնք առավել անբարենպաստ վիճակում են գտնվում, կկարողանան դպրոց հաճախել սոսկ 2086 թվականին, եթե մոտեցումները չփոխվեն», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: