
Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին կրկին մարդ է ծեծել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին` Դերենիկ Հակոբյանը, օրերս կրկին մարդ է ծեծել: Ինչպես հայտնի է՝ նա անցած տարի՝ մայիսի 2-ին, Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով անցնող հիմնական դերակատարներից էր: Նա գրավի դիմաց է ազատ արձակվել կալանքից, եւ մեղադրող դատախազը պահանջել է կալանավորել 2,5 տարով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Դերենիկ Հակոբյանը դաժան ծեծի է ենթարկել Գորիս քաղաքում գտնվող շինանյութի խանութի աշխատողներից Վաչե Հարությունյանին եւ նրա քեռու որդուն՝ անունը Ալիկ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին «Ժողովուրդ»-ի տեղեկությունը միջադեպի մասով՝ մանրամասնելով, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին: Տուժածների վնասվածքների բնույթը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այսպիսով, հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես է անպատժելիությունը նոր հանցագործության առիթ դառնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: