«Պատրաստվում ենք բոլոր տեղերում լավագույնս վերահսկել ընտրությունները». Արայիկ Հարությունյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններից կուսակցությունը մեծ սպասելիքներ ունի, և ընտրություններին ակտիվորեն են մասնակցելու.

«Վանաձորում և Գյումրիում համամասնական ցուցակներ ենք ներկայացրել. մասնակցում ենք ավագանու ընտրություններին, Կապանում ավագանու համար առաջադրված 5 հոգի ունենք, գյուղական համայնքի ղեկավարների թեկնածուներ ունենք Նոր Կյանքում, Իրինդում և Ոսկեվազում, և ունենք ավագանու թեկնածուներ այլ գյուղական համայնքներում։ Սպասելիքները շատ են։

«Քաղաքացիական պայմանագիրը» մեծ ընդունելություն ունի քաղաքներում ու գյուղերում, և մեր հաջողությունները կախված են քարոզչությունից, այն ծրագրերից, որոնք կներկայացնենք։

Բոլոր տեղերում, որտեղ մասնակցում ենք, ձգտելու ենք ունենալ առավելագույն արդյունքներ։ Նաև բազմիցս ասել եմ, որ այս մասնակցությունը լավ առիթ է չափելու, թե տեղերում թիմերն ինչպե՞ս են աշխատում, համապետական ընտրություններից առաջ ինչպիսի՞ փոփոխություններ են պետք, ի՞նչ արդյունքներ ունենք, ի՞նչ բացեր ու դրական կողմեր ունենք, այդ դրական կողմերն ինչպե՞ս կարող ենք կիրառել նաև մյուս համայնքներում համապետական ընտրությունների ժամանակ։ Այսպես, կոմպլեքս խնդիրներ ենք լուծում համապետական ընտրություններից առաջ ու դրա համար տարբեր տեղեր մասնակցում ենք ավագանու ու համայնքների ղեկավարների ընտրություններին»։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ քանի որ իշխանության մեջ գտնվող ՀՀԿ-ն ու իշխանության ներկայացուցիչները չեն փոխվել, նույն մարդիկ են, ՔՊ-ն որևէ ակնկալիքներ չունի, թե այդ մարդիկ ձգտելու են ավելի լավ ընտրություններ անցկացնել. «Ամեն անգամ, երբ նրանք հայտարարում են, որ այս անգամ ընտրությունները մեկ քայլ առաջ են լինելու, դրանք շատ ավելի վատ են լինում նախորդներից։ Բայց մենք պատրաստվում ենք բոլոր տեղերում լավագույնս վերահսկել ընտրությունները թե՛ նախընտրական փուլում, և թե՛ բուն ընտրությունների օրը։ Յուրաքանչյուր ընտրատեղամասում երեքական ներկայացուցիչ կունենանք, որոնք կվերահսկեն բուն պրոցեսը և թույլ չեն տա ընտրախախտումներ, այնպես, ինչպես դա արեցինք Հրազդանում։ Բացի այդ, կփորձենք այս պահին ամենամեծ ընտրախախտման՝ ընտրակաշառքի դեմ արդյունավետ պայքար տանել, որովհետև Հրազդանում փաստացի այդ ընտրախախտումն էր, որ էական ազդեցություն ունեցավ ընտրությունների ելքի վրա։

Գյումրին ու Վանաձորը հանրաքվեի ժամանակ ցույց են տվել, որ ընտրակաշառքը մեծ ազդեցություն չի ունենում ընտրությունների ընդհանուր ելքի վրա, կփարձենք նաև խրախուսել, որ գյումրեցիների ու վանաձորցիների այդ տրամադրություններն ավելի խորանան, ու նրանք առհասարակ հրաժարվեն ընտրակաշառքից, կամ էլ այդ թիվը շատ փոքր լինի, որպեսզի ընդհանուր ելքի կամ արդյունքների վրա չազդի»։

Մեր հարցին՝ Ձեզ հիմա իշխանությո՞ւնն է ավելի շատ խանգարում, թե՞ ընդդիմությունը, որոնց հետ անընդհատ բախման մեջ եք, նա պատասխանեց.

«Մենք բոլոր ուղղություններով էլ ինտենսիվ աշխատում ենք։ Իհարկե, վերջին շրջանում չասեմ՝ ընդդիմադիր, բայց այդ դաշտում որոշակի դիրքավորում ունեցող քաղաքական ուժերի կողմից հարձակումներ կան ՔՊ-ի նկատմամբ։ Դա պարզ է, որովհետև ՔՊ-ն հայտարարել է մի շարք ամբիցիոզ ծրագրերի մասին, ընդդիմադիր դաշտում թիվ մեկը դառնալու հավակնության մասին, ու սա, բնականաբար, որոշակի անհանգստություններ պետք է որ առաջացնի այդ դաշտում։ Այնպես որ, դա բնական ենք համարում ու տեսնում ենք՝ որպես խնդիր, որը լուծելի է ու պետք է լուծենք։ Նորմալ քաղաքական պրոցես է, որի միջով ՀՀ-ն պետք է անցնի, որպեսզի մենք ունենանք առողջ, կայացած ընդդիմություն, և իշխանություններին, ՀՀԿ-ին ուժեղ այլընտրանք ներկայացնել, որը թույլ կտա նաև իրականացնել բոլորի կողմից այդքան սպասված իշխանափոխությունը։ Քանի դեռ այդ դաշտում շատ հստակություն չկա, մենք անընդհատ բախվելու ենք խնդիրների, և իշխանափոխությունն այդքան էլ չի մոտենալու»։

Տեսանյութեր

Լրահոս