Գերմանացի երջանիկ ֆերմերն իրենց հիմնական խնդիրներից է համարում արագ ինտերնետի հարցը

«Ես տարին 12 ամիս ստիպված եմ աշխատել, հանգստանալու ժամանակ չունեմ, բայց ես ինձ հաջողակ և երջանիկ մարդ եմ համարում»,- ժպիտը դեմքին՝ ասում է Գերմանիայի Ներքին Սաքսոնիայի շրջանի Շվյուլբինգզեն գյուղի ֆերմեր, դոկտոր Հոլգեր Հեննիսը՝ համեստ հպարտությամբ նայելով իր տանը և ագարակին։ Հոլգեր Հեննիսը 2 տարի ղեկավարում է Հանովերի տարածաշրջանի ֆերմերների կազմակերպությունը: Նա նաև Ներքին Սաքսոնիայի ֆերմերների ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ է։

Արդեն 18 տարի Հ. Հեննիսը զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Նա շարունակում է հոր և պապի գործը։ Հ. Հեննիսն ամուսնացած է, ունի 4 երեխա, որոնցից միայն մեկն է որոշ չափով հետաքրքրվում հոր գործը շարունակելով։ Կինը՝ Կլաուդիա Կոնիգսմանը, նույնպես օգնում է ամուսնուն ագարակի գործերում։ Նրանք աշխատանքի բաժանում են կատարել: Կլաուդիան հոգ է տանում ագարակում եղած խոզերի մասին։ Նրանք նաև ունեն մի քանի աշխատողներ, որոնք տարբեր ազգություն ունեն։ Հ. Հեննիսն աշխատողներ ընտրելուց ուշադրություն է դարձնում միայն նրանց աշխատանքային հմտություններին, այլ կարգի խտրականություններ նա չի դնում։ Իր աշխատողների մեջ կան լեհեր և մեկ քուրդ։

Hanover (2) Hanover (3) Hanover (4) Hanover (5) Hanover (6)

Հեննիսն ունի 100 հեկտար հող: Հիմնականում մշակում են կարտոֆիլ ու սոխ։ Ունեն ձիեր, խոզեր։ Նշենք, որ ընտանիքն իր եկամտի ամենամեծ մասը՝ մոտ 65.000 եվրո, ստանում է ձիակումբից: Հեննիսների 15-ամյա՝ միակ դուստրն է պատրաստվում հետագայում զբաղվել ձիակումբով։ Ծնողները որոշել են ձիակումբը՝ որպես ժառանգություն, նրան տալ։

Թեպետ Հեննիսները տարին 12 ամիս աշխատում են, բայց իրենք իրենց երջանիկ ընտանիք են համարում։ Ուրախ են, որ գոնե օրվա ընթացքում լինում են ժամեր, որ իրար հետ են անցկացնում։

Հոգլեր Հեննիսն իր ագարակը ժառանգություն է ստացել ծնողներից, ինչի համար ամսական 4-5 հազար եվրո վճարում է ծնողներին:

Hanover (8) Hanover (7) Hanover (10)

Շվյուլբինգզենում կա մոտավորապես 600 բնակիչ: Գյուղի ամենամեծ խնդիրը հողի տակ գտնվող գազատարն է, ինչից հողը տուժում է, բերքատվությունը՝ պակասում: Մեր զրուցակիցը պատմում էր, որ ֆերմերներն այդ մասին մշտապես խոսում են իշխանությունների հետ, բայց դա դեռևս լուծում չի ստացել։ Հ. Հեննիսը խոսելով իրենց գյուղում առկա խնդիրների մասին՝ առաջնահերթ է համարում արագ ինտերնետի հարցը։

Հ. Հեննիսի դիտարկմամբ՝ Գերմանիայում ֆերմերները մեծ դերակատարում ունեն տնտեսության զարգացման գործում, քանի որ տարեկան մոտավորապես 50 միլիարդ եվրոյի եկամուտ են բերում տնտեսությանը: Գերմանիայում յուրաքանչյուր 8 բնակչից մեկը զբաղվում է գյուղմթերքի բիզնեսով, ինչի հետևանքով էլ Ֆերմերների ասոցիացիան ազդեցություն ունի ընտրությունների ժամանակ:

Չնայած սրան, Հ. Հեննիսի կարծիքով՝ իրենց դերը որոշիչ չէ ընտրությունների արդյունքների դեպքում: Նա պատմեց, որ Ներքին Սաքսոնիայի տեղական ընտրություններին ասոցիացիայից թեկնածու է առաջադրվել։ Թեպետ իրենց անդամները չեն կարող բացեիբաց սատարել նրան, քանի որ օրենքը թույլ չի տալիս, բայց թեկնածուի լոբբինգով զբաղվում են:

 

Տեսանյութեր

Լրահոս