«Մենք Բաքու հասնելու մտադրություն չունենք, պաշտպանում ենք մեր սահմանները». Լևոն Մնացականյան
ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ երեկ հայտարարել է, որ ապրիլյան պատերազմի մարտական գործողությունների ընթացքում՝ ապրիլի 2-ից 5-ը, ԼՂ ՊԲ-ն տվել է 59 մարտական կորուստ: Նրա խոսքով՝ չի եղել մի դեպք, երբ հայկական կողմը թաքցրած կամ չհայտնած լինի տվյալներն՝ ի տարբերություն Ադրբեջանի: «Մենք հստակ գիտենք, որ իրենց կողմից կորուստները անհամեմատ շատ են, քան ներկայացվում է: Իրենց ԶԼՄ-ները հաղորդում են 30-ից քիչ ավելի կորուստ, բայց ադրբեջանական ու արտասահմանյան կայքերն արդեն ներկայացնում են 100-ից ավելի կորուստ»,- հայտարարեց Լ. Մնացականյանը:
Անդրադառնալով հնարավոր պատերազմի վերաբերյալ հարցին, ինչպես նաև՝ նկատելի՞ են արդյոք սահմանագծում զինատեսակների կուտակումներ, դիվերսիոն խմբեր՝ նա պատասխանեց. «Համեմատելով այդ գործողությունները` դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձերը, զինատեսակների կիրառումները ապրիլից առաջ և հետո, այժմ ծավալներն անհամեմատ փոքր են, հիմնականում կիրառվում են դիպուկահար հրացաններ, խոշոր տրամաչափի հրացաններ և հրաձգային զենքեր։ Այսօր այդպիսի կուտակումներ չկան: Մենք ուշադիր հետևում ենք իրենց տեղաշարժերին»:
Լ. Մնացականյանն անդրադարձավ նաև միջազգային լրահոսում շրջանառվող՝ Բաքու հասնելու մտադրության վերաբերյալ հարցին՝ ասելով. «Մենք Բաքու հասնելու մտադրություն չունենք, պաշտպանում ենք մեր սահմանները, մեր ժողովրդի անվտանգությունը, մենք մեր խնդիրն այնքան խորությամբ կկատարենք, որ կնպաստի ԼՂՀ անկախության միջազգային ճանաչմանը»: