Մասնագիտական տոնի առթիվ գազամատակարարման համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են
Գազամատակարարման համակարգի աշխատողների օրվա կապակցությամբ հանրապետությանը մատուցված երկարատև և բարեխիղճ ծառայության համար այսօր ԼՂՀ կառավարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, օրվա առթիվ շնորհավորել է գազամատակարարման համակարգի աշխատողներին:
«Ես ուզում եմ երախտիքի խոսք ասել ոլորտում աշխատող մեր գործընկերներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշեր ու զօր իրենց կարևոր ներդրումն են բերում երկրի տնտեսության զարգացման ու հասարակությանն անխափան գազամատակարարում ապահովելու գործում:
Մենք բարձր ենք գնահատում ձեր նվիրական աշխատանքը, դա է վկայում, որ արդեն երկրորդ անգամ է, ինչ պաշտոնապես նշվում է գազամատակարարման համակարգի աշխատողի օրը, և ամեն տարի համակարգի մի խումբ աշխատողներ պարգևատրվում են հուշամեդալներով ու պատվոգրերով. դրանք ինքնին պարտավորեցնող է: Մեծ է համակարգի աշխատողի դերը երկրի տնտեսության զարգացման ու հասարակության առօրյա հոգսերի իրականացման գործում»,-մասնավորապես ասել է Ա. Խաչատրյանը և ընդգծել, որ ունենալով մասնագիտական նման ներուժ, վստահ է, որ ոլորտում իրենց գազամատակարարման համակարգի արձանագրած հաջողությունները շարունակական են լինելու։
Միջոցառման ընթացքում «Արցախգազ» ՓԲ ընկերության տնօրեն Սեյրան Միքայելյանն արժանացել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալի, հանրապետությանը մատուցած ծառայությունների և ներդրած ավանդի համար էլ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ԼՂՀ վարչապետի հուշամեդալներով և պատվոգրերով: