Հայալեզու կրթական ծրագիրը պաշտոնապես դասվեց անգլիական ու ամերիկյան առաջատար ծրագրերի շարքին
«Այբ» կրթական հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Անգլիայի լավագույն կրթական հաստատությունների երկամյա ջանքերի արդյունքում Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում ստեղծված «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու կրթական ծրագիրը օրերս ճանաչվել է աշխարհի առաջատար կրթական ծրագրերին հավասարազոր։
Տեղեկանք
«Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագիրը միջազգային չափանիշներին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր է, որ կոչված է մրցունակ դպրոցական կրթության հնարավորություն ընձեռելու ՀՀ բոլոր երեխաներին։ Ծրագիրը ստեղծվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում՝ «Այբ» հիմնադրամի և Քեմբրիջի համալսարանի համատեղ ջանքերի արդյունքում։ Առաջիկա տարիներին Արարատյան բակալավրիատը ներդրվելու է ամբողջությամբ վերանորոգված և կահավորված ՀՀ տասներկու (մեկական՝ յուրաքանչյուր մարզում) և Արցախի մեկ դպրոցում, իսկ այնուհետև՝ ՀՀ և Արցախի բոլոր ավագ դպրոցներում՝ առնվազն մեկական հոսքային դասարանով:
Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ) Հայաստանի հանրակրթության որակի բարձրացման և համակարգային բարեփոխումների իրականացման տասնամյա նախաձեռնություն է, որը մեկնարկել է 2014 թվականին։ Ծրագրով նախատեսվում է կրթական համակարգում ներդնել միջազգային ճանաչում ունեցող հայալեզու ազգային այլընտրանքային կրթական ծրագիր (Արարատյան բակալավրիատը), Հայաստանում լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղորդել դպրոց և պատրաստել միջազգային չափորոշիչներին համապատասխան ուսուցիչների համայնք:
Ծրագրի գաղափարը «Այբ» կրթական հիմնադրամինն է և իրականացվում է Կրթության և գիտության նախարարության հետ՝ Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) Կրթության ինստիտուտի (IOE) հետ համատեղ։
Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ Կառավարության և համաֆինանսավորվում «Այբ» կրթական հիմնադրամի կողմից: