Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի ներկայացուցիչը մասնակցեց «Ռենովաբիս»-ի 20-րդ միջազգային համաժողովին
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում տեղի ունեցավ Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու «Ռենովաբիս» կազմակերպության 20-րդ միջազգային համաժողովը: Կոնգրեսի գլխավոր թեման էր «Ավետարանի վկայությունները․ Երկիր մոլորակի կերտումը»։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Ռենովաբիս»-ի գլխավոր քարտուղար Գերարդ Ալբերտի հրավերով համաժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացրեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
1997 թվականից ամեն տարի գումարվող այս կոնգրեսին բարձրաձայնվում և քննարկվում են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում առանձնակի կարևորություն ունեցող տարբեր խնդիրներ։ Համաժողովը դարձել է Արևելքի և Արևմուտքի միջև երկխոսության յուրօրինակ հարթակ:
2016 թ․ համագումարի ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կյանքում կրոնական կազմակերպությունների ունեցած դերակատարությանը, անդրադարձ կատարվեց Եկեղեցի-հասարակություն հարաբերություններին և դրանց ազդեցությանը աշխարհի կերտման գործընթացի վրա։