Չինաստանում 8 000 մարդու վերաբնակեցնում են՝ աշխարհի խոշորագույն ռադիոաստղադիտակը բացելու համար
Չինաստանի իշխանություններն սկսել են 8 հազար մարդու վերաբնակեցումը, որոնք ապրում են աշխարհում ամենախոշոր FAST ռադիոաստղադիտակից ոչ հեռու, որի շինարարությունն ավարտվում է սեպտեմբերին: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Աստղադիտակի շինարարությունը, որի տարածությունը հավասար է 30 ֆուտբոլային դաշտերի տարածքին, սկսվել է 2011 թվականի մարտին: Աստղադիտակը գտնվում է բարձրադիր վայրում՝ Չինաստանի հարավ-արեւմուտքի Գույչժոու նահանգի սարերում: Դրա տրամագիծը կազմում է 500 մետր: Կոնստրուկցիայի պարագիծը հավասար է 1,6 կիլոմետրի: Նախագծում արվող ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 1,2 մլրդ յուան: Այն բնակիչների համար, որոնց իշխանությունները որոշել էին վերաբնակեցնել ռադիոհեռադիտակից 5 կիլոմետր շառավղով, կառուցվել է 600 տուն՝ երկու նոր բնակավայրերում, որոնք գտնվում են նրանց բնակության վայրից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա: Նոր բնակարանների կառուցման համար իշխանությունները ծախսել են շուրջ 269 մլն դոլար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխանությունները վերաբնակեցնելու են այն բնակիչներին, որոնք ապրում են ռադիոաստղադիտակից 5 կիլոմետր շառավղով տարածքում՝ մագնիսական ալիքների համար նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով: Յուրաքանչյուր բնակչի կվճարեն 12-հազարական յուան (1838 դոլար), իսկ բնակարանի խնդիրներ ունեցող ազգային փոքրամասնությունների ընտանիքները կստանան 10 հազար յուանի սուբսիդիաներ:
Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ավելի վաղ հայտնել էր, որ FAST-ը կմիացվի աշխարհի ամենաարագագործ համակարգիչներից մեկին՝ Sky Eye 1-ի հետ՝ աստղագիտական հաշվարկներ կատարելու համար՝ այլ մոլորակների վրա կյանք փնտրելու եւ մութ մատերիան ուսումնասիրելու նպատակով: Սպասվում է, որ նոր աստղադիտակը կօգնի զգալիորեն մեծացնել բաց տիեզերքն ուսումնասիրելու Չինաստանի հնարավորությունները: Այն բանից հետո, երբ չինացի ինժեներներն ամբողջությամբ հավաքեն աստղադիտակը, նա չափերով կգերազանցի ներկայում ամենախոշոր՝ Պուերտո Ռիկոյի աստղադիտակին, որի տ րամագիծը 300 մետր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: