Բաժիններ՝

Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին

Միացյալ Նահանգներում ծանր հիվանդությունից հետո օգոստոսի 21-ին մահացած կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին (18:00 – 20:00)` Նուբարաշենի խճուղի 6/1 հասցեում, իսկ հուղարկավորության արարողությունը` սեպտեմբերի 7-ին ժամը 13:00-ին (նույն հասցեով):

Վարդանի քույրը՝ Աննա Զիլֆուղարյանը հայտնել է, որ ԱՄՆ-ից տեղափոխման հետ կապված բոլոր ծախսերը (Վարդանի համար բացառության կարգով) հոգում է այն հիվանդանոցը, որտեղ նա բուժում էր ստանում` Վաշինգտոնի National Institutes of Health-ը, որն առաջին օրվանից արել էր ամեն հնարավոր եւ անհնարինը Վարդանի բուժման համար:

Վարդան Զիլֆուղարյանը հեռանկարային հայ կինոօպերատոր էր, ով աշխատանքային գործունեության վերջին տասը տարիների ընթացքում լուրջ փորձ ու գիտելիքներ էր ձեռք բերել Հայաստանում և Ռուսաստանում: 2014 թվականին հերթական նկարահանման ժամանակ Վարդանի ինքնազգացողությունը վատանում է: Կինոօպերատորը մոտ մեկ ամիս հետազոտություններ է անցնում հիվանդանոցում` արդյունքում ստանալով արյան սուր լեյկոզ ախտորոշումը: Զիլֆուղարյանին ռուս բժիշկները հայտնում են, որ ապրելու երկար ժամանակ չի մնացել: Այնուամենայնիվ, նա թևաթափ չի լինում և որոշում է շարունակել բուժումը Գերմանիայում, որտեղ մասնագետները տալիս են առավել ստույգ ախտորոշում՝ սուր մելոբլաստիկ լեյկոզ: Գերմանիայում մեկուկես ամիս ստացած քիմիոթերապիան այդքան էլ արդյունավետ չի լինում, սակայն պայքարից չհրաժարվող օպերատորին ճակատագիրը նվեր է մատուցում:. Գերմանիայում ծնվում է նրա դուստրը՝ Մարիաննան: Ավելի ուշ պարզվում է, որ Վարդանի քույրը՝ Աննան կարող է եղբոր համար դառնալ ոսկրածուծի դոնոր և փրկել նրան: Նա եղբոր բուժման համար կազմակերպում է դրամահավաք: Այնուհետև, ԱՄՆ-ի Ազգային առողջության ինստիտուտը Վարդանին ներգրավում է լեյկեմիայի կազդուրման նոր դեղամիջոցների փորձարկման ծրագրում: Ոսկրածուծի փոխպատվաստման մոտ կես միլիոն դոլար արժողությամբ վիրահատությունը արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Զիլֆուղարյանը համառորեն շարունակում էր պայքարը` բոլորին կոչ անելով երբեք չհանձնվել և միշտ հույսը սրտում շարունակել պայքարը` հանուն սիրելիների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս