Հենրիխ Մխիթարյանը լքել է հավաքականի ճամբարը և վերադարձել է Մանչեսթեր
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը լքել է հավաքականի ճամբարը և բուժման համար վերադարձել է Մանչեսթեր: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մխիթարյանը:
«Սիրելի երկրպագուներ, շնորհակալ եմ ձեր բոլոր հաղորդագրությունների և աջակցության համար: Շատ եմ գնահատում այն հանգամանքը, որ անհանգստանում եք ինձ համար: Հիմա ես բուժման համար վերադարձել եմ Մանչեսթեր և հույս ունեմ շատ շուտով լավ մարզավիճակում վերադառնալ: Հայաստանի ազգային հավաքականի իմ խաղընկերներին հաջողություն եմ մաղթում աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում Դանիայի հետ մեկնարկային խաղում: Որպես հավաքականի ավագ ես ինչպես միշտ ակնկալում եմ վճռականություն և պայքարելու մեծ ցանկություն: Ես հոգով ու սրտով կլինեմ հավաքականի հետ»:
Հենրիխ Մխիթարյանը օգոստոսի 31-ին Չեխիա-Հայաստան ընկերական խաղի ժամանակ վնասված է ստացել և փոխարինվել: Սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Մխիթարյանը չի կարողանա մասնակցել Դանիայի հավաքականի դեմ ընտրական խաղին: