«Հրաչյա Թամրազյանը մեր օրերի մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր». Հովիկ Աբրահամյան
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանի մահվան կապակցությամբ.
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայանության հետ կապերի ծառայությունից, ցավակցական հեռագրում ասված է.
«Հրաչյա Թամրազյանը մեր օրերի մեծ հեղինակություն վայելող մտավորականներից էր, ականավոր գիտնական, բանաստեղծ ու թարգմանիչ: Նա նշանակալի ավանդ է ներդրել միջնադարյան հայ փիլիսոփայական մտքի ուսումնասիրության և հատկապես նարեկացիագիտության զարգացման գործում, ինչպես նաև աչքի ընկել գրական-թարգմանչական հարուստ և բեղուն գործունեությամբ:
Որպես Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն՝ Հ. Թամրազյանն էական ներդրում է ունեցել գիտամշակութային այս արժեքավոր կենտրոնի, աշխարհում ձեռագիր մատյանների հնագույն գրապահոցներից մեկի զարգացման գործում: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի մտավորականի ընտանիքի անդամներին, մերձավորներին և գործընկերներին»: