Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ զորքերի միացյալ խմբավորման մասին նոր համաձայնագրի ստորագրմանը
Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին նոր համաձայնագրի և կից Հավելված կանոնակարգի ստրագրումը նախատեսել են՝ հիմնվելով 2000 թ. սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» գործող համաձայնագրի վրա: Այս մասին 168.am-ի հարցմանն ի պատասխան, թե միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը ե՞րբ է նախատեսվում ստորագրել, խմբավորումն ի՞նչ խնդիրներ է լուծելու, ղեկավարումն ինչպե՞ս է իրականացվելու, հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ըստ այդմ՝ նոր Համաձայնագիրը համապատասխանեցված է արդի պայմաններին և կարգավիճակին, նոր Համաձայնագրի կնքումից հետո գործող վերոնշյալ Համաձայնագիրն ուժը կորցրած կհամարվի: ՊՆ-ից նշել են, որ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին նոր համաձայնագիրը ՀՀ-ում անցել է ներպետական համաձայնեցման գործընթացները, և Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Համաձայնագրի ստորագրմանը:
«Համաձայնագրի նպատակն է՝ հակազդել ՀՀ-ի և ՌԴ-ի դեմ ուղղված զինված հարձակմանը (ագրեսիային) և նպատակաուղղված է համատեղ անվտանգության սպառնալիքներին և այլ մարտահրավերներին համարժեք արձագանքման գործնական միջոցներ ձեռնարկելուն, ՀՀ և ՌԴ բնակչության ու տարածքային ամբողջականության պաշտպանությանը: ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հիմնական խնդիրներն ու կառավարման կարգը սահմանվում է Համաձայնագրին կից՝ կանոնակարգով»,- նշված է ՊՆ-ի պատասխան նամակում:
Դրանում, սակայն, չկա պատասխան մեր այն հարցին, թե արդյո՞ք խմբավորումը գործելու է նաև ԼՂՀ տարածքում: