Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 2016թ. սեպտեմբերի 3-ին կյանքից հեռացել է Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի
գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Հրանտի Թամրազյանը:

Հ. Թամրազյանը ծնվել է 1953 թ-ի դեկտեմբերի 5-ին, Երևանում։  1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977 թվականին աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91 թվականներին Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թվականներին զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1986 թվականից Գրողների միության անդամ էր։ 1993 թվականին նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թվականներին ղեկավարել ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։ Հրաչյա Թամրազյանը 1997-2007 թվականներին համատեղությամբ աշխատել է որպես «Նաիրի» հրատարակչության տնօրեն և Մատենադարանի ավագ գիտաշխատող։

1999 թվականին Հրաչյա Թամրազյանը ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2007 թվականից զբաղեցնում է Մատենադարանի տնօրենի պաշտոնը։ 2014 թվականից Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ է։

Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է: Արժանացել է մի շարք պարգևների: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, արժանացել ՀՀ Նախագահի մրցանակ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունն  իր  ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում  Թամրազյանների ընտանիքին և հարազատներին:

Հրաչյա Հրանտի Թամրազյանի անունը և ավանդը՝ որպես գիտության ոլորտի երախտավորի, մշտապես կմնա մեր հիշողություններում:
Հրաչյա Թամրազյանի թաղման կապակցությամբ ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ:

Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 1800-2000 Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը  1200-1400-ին Մատենադարանի ճեմասրահում:

 

Տեսանյութեր

Լրահոս