Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողը ինքնասպան էր եղել
razm.info. Օգոստոսի 30-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել էին Նախիջևանում «թշնամու կրակոցից» զինծառայողի սպանվելու մասին, սակայն Ադրբեջանի և ՀՀ ՊՆ-ները հերքել էին։ Այժմ քրեական գործ է հարուցվել զինծառայողին ինքնասպանության հասցնելու գործով։ Այս մասին հայտնում է սպանված զինծառայողի հարազատներից մեկը։
Սեպտեմբերի 1-ին օգոստոսի 30-ին նախիջևանի Շահբուզի շրջանի զորամասերից մեկում մահացած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1998 թ․ ծնված (նախնական հայտարարություններում սխալմամբ նշված էր 1997 թ․ ծնված) Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուի (Qəmbərov Vüsal Razim oğlu) հուղարկավորության մասին հայտնել և համապատասխան նկարներ է հրապարակել ադրբեջանական Bizimyol.info լրատվակայքը։
Նկարները տարածել է մահացած զինծառայողի հարազատներից մեկը՝ հանդես գալով որպես նրա քեռու որդի։ Սեպտեմբերի 2-ին նույն անձը հայտնել է, որ Գեմբերովին ինքնասպանության հասցնելու գործով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել են մեկ ժամկետային զինծառայող և 3 հրամանատար։
Օգոստոսի 30-ին, ադրբեջանական Meydan.tv լրատվակայքի համակարգորղը հայտնել էր, որ նույն օրը Նախիջևանի Շահբուզի շրջանի զորամասերից մեկում «թշնամու կրակոցից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997 թ․ ծնված Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուն (Qəmbərov Vüsal Razim oğlu):
Օգոստոսի 31-ին, Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները հերքել էին օգոստոսի 30-ին Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայողի՝ «թշնամու կրակոցից» սպանվելու մասին լուրը: