 
                        Մահացել է Հրաչյա Թամրազյանը
 
                                    Երկարատև հիվանդությունից հետո այսօր մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Նա 63 տարեկան էր:
Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ. դեկտեմբերի 5-ին Երևանում։ 1971 թ. ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցը, 1976 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1977թ. աշխատանքի է անցել Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։
Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների և գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։ Իր աշխատություններում Թամրազյանը Գրիգոր Նարեկացու մատենագրությունը դիտարկում է Նարեկյան դպրոցի գրական-փիլիսոփայական համատեքստում՝ որպես դպրոցի սկզբնավորման և զարգացման ընթացքի բարձրագույն արդյունք, նաև իր մեծ նախորդների՝ Խոսրով Անձևացու և Անանիա Նարեկացու հետ ունեցած փոխառնչությունների տեսանկյունից։ Հրաչյան Թամրազյանը նաև ճանաչված բանաստեղծ է, թարգմանիչ։
168.am-ը ցավակցում է Հրաչյա Թամրազյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        