Samsung-ը դադարեցրեց Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքը
Հարավային Կորեայի Samsung ընկերությունը դադարեցնում է Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքները՝ լիցքավորման ժամանակ սարքերի բռնկման դեպքերի վերաբերյալ հաղորդումների պատճառով: Այս մասին տեղեկացնում ե Associated Press-ը:
Կորպորացիայի շարժական սարքերի ստորաբաժանման նախագահ Դոնգ Ջին Կոն սեպտեմբերի 2-ին հայտարարել է, որ այն գնորդները, որոնք արդեն հասցրել են Galaxy Note 7 ձեռք բերել, կարող են դրանք փոխանակել նոր սմարթֆոններով:
Samsung-ում հայտարարել են, որ կարող են հաստատել Galaxy Note 7-երի բռնկման 35 դեպք: Պատճառը, նախնական տվյալներով՝ մարտկոցների անսարքությունն Է:
Նորույթի վաճառքները մեկնարկել են ընդամենը երկու շաբաթ առաջ: Ընկերության տվյալնեով՝ արդեն վաճառվել է ավելի քան 1 միլիոն սարք:
Հարավկորեական ընկերությունը սմարթֆոնների համաշխարհային շուկայի առաջատարն է: IDC-ի տվյալների համաձայն՝ երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ գլոբալ շուկայում Samsung-ի բաժինը կազմել է 22,4 տոկոս, նրա հիմնական մրցակցինը՝ ԱՄՆ-ի Apple Inc.-ինը՝ 11,8 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: