
Երեք գերատեսչությունների աշխատակիցները Երևանյան լճից դուրս են բերել 400 մետր երկարությամբ որսագողական ցանցը

ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծով ահազանգ էր ստացվել, որ Երևանյան լճում կա մի քանի տասնյակ մետր երկարությամբ ձկնորսական ցանց, ինչը խոչընդոտում է թիավարության մարզաձևով զբաղվող մարզիկներին` շատ դեպքերում վտանգելով նաև վերջիններիս կյանքը: Նույն օրը ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները եղել են դեպքի վայրում և Երևանյան լճի կենտրոնական հատվածում հայտնաբերել որսագողության միջոց հանդիսացող մոտ 400 մետր երկարությամբ ձկնորսական ցանց: Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «ՀՀ բնապահպանության նախարարությունը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` ցանցն հեռացնելու համար համապատասխան լողամիջոցներ և օժանդակություն տրամադրելու խնդրանքով:
Սեպտեմբերի 2-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ ոստիկանության աշխատակիցները որսագողության միջոցները դուրս են բերել լճից: Տեղում առգրավվել է 30 հատ կարաս տեսակի կենդանի ձուկ, որը բաց է թողնվել լիճ: Փաստի առթիվ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը կազմել է համապատասխան արձանագրություն և փոխանցել իրավապահ մարմիններին»: