Կառավարությունը հավանություն տվեց ՏԻՄ-երի մասին օրենքի նախագծին
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Տեղական ինքնակառավարման մարմինների մասին որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասին հարցին:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով` փոփոխությունները բխում են 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրությունից: Ըստ այդմ, 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքների համար սահմանվել է պարտադիր ինտերնետային պաշտոնական կայք ունենալու պարտավորություն:
«Սահմանվում է նաև վարչական ներկայացուցչի հաստիքի առկայություն բոլոր բնակավայրերի համար (նախկինում` 100-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում), ինչպես նաև վարչական ներկայացուցչի կողմից համայնքի ավագանու նիստի մասնակցության և օրակարգում հարց ներկայացնելու հնարավորության ընձեռում: Սահմանադրության համապատասխանեցման դեպքում կլինի լիազորությունների ապակենտրոնացում, մասնավորապես, կրթության և առողջապահության բնագավառներում»,- ասաց փոխնախարարը:
Հանրակրթական դպրոցների գործունեության կազմակերպումն ու կառավարումը կհանձնվի 25 հազար և ավելի բնակիչ ունեցող համայնքներին, իսկ բժշկական ամբուլատորիաներն ամբողջությամբ կդառնան համայնքային ենթակայության: Նախատեսվում է համայնքում ներդնել սոցիալական աշխատողի ինստիտուտը, 5000-ից ավել բնակիչ ունեցող համայնքի համայնքապետարանի աշխատակազմում էլ կստեղծվի համայնքի սոցիալական աշխատողի հաստիք: