Գաել Անդոնյանը «Մարսել»-ում հանդես կգա 13 համար մարզաշապիկով
Ֆրանսիական «Օլիմպիկ Մարսել»-ը հրապարակել է այն ֆուտբոլիստների խաղային համարները, ովքեր մեկնարկած մրցաշրջանում հանդես կգան ակումբի կազմում:
Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ իր խաղային համարն է ստացել նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը: Նա ֆրանսիական ակումբի կազմում հանդես կգա 13 համարի մարզաշապիկով:
Գաել Անդոնյանն անցած մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է ֆրանսիական «Դիժոն» ակումբում. մրցաշրջանի ավարտից հետո հայազգի ֆուտբոլիստը վերադարձել է հարազատ ակումբ: Գաել Անդոնյանն այս օրերին գտնվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարում, որը պատրաստվում է աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի առաջին խաղին:
Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 4-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին: Դանիայի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականը ընկերական խաղում 3:0 հաշվով պարտվել է Չեխիայի թիմին: Գաել Անդոնյանն այդ խաղում դաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում: