Աշխարհահռչակ «Սինաբոն» դասական բուլկիների բաղադրատոմսն արդեն հասանելի է բոլորին
«Սինաբոնը» դարչինով հասարակ քաղցրեղեն չէ: Այս շատ համեղ թխվածքն արդեն երկար տարիներ մնում է համանուն բրենդի այցեքարտը: Իսկ մեքսիկական «Expansion Magazine» պարբերականի կողմից «Սինաբոնը» ճանաչվել է կյանքի 50 ամենամեծ հաճույքներից մեկը:
Բաղադրություն
Խմոր.
1. Տաք կաթ – 250 մլ
2. Ձու (սենյակային ջերմաստիճանի) – 2 հատ
3. Հալեցրած կարագ – 75 գ
4. Ալյուր – 500 գ
5. Աղ – 1 թ/գ
6. Շաքարավազ – 100 գ
7. Չոր դրոժ – 7 գ
Միջուկ.
1. Շաքարավազ (շագանակագույն) – 1 բաժակ
2. Աղացած դարչին – 2.5 ճ/գ
3. Կարագ – 75 գ
Կրեմ.
1. Սերուցքային պանիր – 100 գ
2. Կարագ – 50 գ
3. Շաքարի փոշի – 200 գ
4. Վանիլին – 1/2 թ/գ
5. Աղ – 1/8 թ/գ
Պատրաստման եղանակը.
1. Դրոժը լցնել տաք կաթի մեջ, ավելացնել 1 ճ/գ շաքարավազ և թողնել, մինչև դրոժը փրփրի:
Ձվերը հարել շաքարավազի հետ, ավելացնել հալեցրած կարագը, աղը, դրոժով կաթը և խառնել: Հետո աստիճանաբար ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Հունցել 7-8 րոպե, որից հետո ծածկել և դնել տաք տեղ՝ բարձրանալու համար:
2. Այն բանից հետո, երբ խմորը 2 անգամ կաճի, դնել այն ալյուր շաղ տված հարթության վրա, ծածկել և թողնել 10 րոպե: Տարայի մեջ խառնել շաքարավազը և դարչինը:
3. Բացել խմորը 40×50 չափի: Վրան քսել կարագ և համաչափ տարածել շաքարավազի և դարչինի խառնուրդը:
4. Փաթաթել ռուլետի նման և կտրատել 12 մասի: Բուլկիները դնել կաղապարի մեջ: Ծածկել և թողնել, որպեսզի բարձրանան: Դրանց 2 անգամ մեծանալու համար անհրաժեշտ կլինի 30 րոպե: Տաքացնել ջեռոցը մինչև 200 աստիճան:
5. Թխել բուլկիները 15 րոպե:
6. Կրեմ. քանի դեռ բուլկիները թխվում են, հարել պանիրը, կարագը, շաքարի փոշին, վանիլինը և աղը: Մատուցելուց առաջ բուլկիների վրա քսել կրեմը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը