«Պետք է ուղերձ հղենք մեր իշխանություններին, որպեսզի վերանայվեն հարաբերությունները Ռուսաստանի և ԵՏՄ անդամ այլ երկրների հետ». Բորիս Նավասարդյան

«Քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների թիրախը ՀՀ-Արևմուտք հարաբերություններն են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` անդրադառնալով վերջին օրերին «հայկական սփյուռքի» ներկայացուցիչների անունից տարածվող «գաղտնազերծումներին» և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի արտաքսմանը Ռուսաստանի Դաշնությունից:
Բորիս Նավասարդյանն ասաց, որ կա ճնշում ՀՀ իշխանությունների նկատմամբ, որպեսզի նրանք որոշ չափով սահմանափակեն քաղաքացիական հասարակության գործունեությունը Հայաստանում մոտավորապես այն մոդելով, որն արվում է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում, որոնք ԵՏՄ կամ ԱՊՀ անդամ եմ:

«Այն մարդիկ, որոնք մեր հասարակությունում թեև իշխանությունների հետ շատ հարցերում համաձայն չեն, բայց շատ կարևոր դերակատարություն ունեն, ընդունելի չեն ՀՀ ռազմավարական դաշնակցի համար, որովհետև գոնե մեզ համար ակնհայտ է, որ այդ բոլոր հայտարարությունների և տեսանյութի ետևում կանգնած են համապատասխան ռուսական ծառայությունները, և քիչ հավանական է, որ ՀՀ սփյուռքի ներկայացուցիչներն իրենց նախաձեռնությամբ այդպիսի արշավ սկսեին: Դա նշանակում է, որ պահանջարկ կա նման քաղաքական գնահատականներ տալ մեր հասարակության շատ ներկայացուցիչներին, և, փաստորեն, այստեղ շատ լուրջ հակասություն է առաջանում հարցում, թե ինչպես ենք վերաբերվում մեր համաքաղաքացիներին մենք Հայաստանում, և ինչպես են նրանց վերաբերվում Ռուսաստանում և Ռուսաստանի դաշնակից տարբեր շրջանակներում, այդ թվում նաև՝ ռուսական սփյուռքում:

Դա ևս մեկ անգամ փաստում է այն, որ ՀՀ-ն այս աշխարհաքաղաքական ճամբարում անելիք չունի, և ընդհանուր ո՛չ արժեքներ կան, ո՛չ նպատակներ, ո՛չ շահեր, այնպես որ, ինչպես իրենք են փորձում հուշել մեր իշխանություններին, որ սկսեն ճնշումները ոչ եվրասիական հակումներ ունեցող մարդկանց նկատմամբ, այնպես էլ մենք մեր երկրում մեր իշխանություններին պետք է ուղերձ հղենք, որ իրենք էլ պետք է վերանայեն հարաբերությունները Ռուսաստանի և ԵՏՄ անդամ այլ երկրների հետ»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Վերջինիս համոզմամբ՝ այս արշավի թիրախում ոչ այնքան ԵՄ-ՀՀ ապագա համաձայնագիրն է, որքան ՀՀ-Արևմուտք հարաբերությունները: «Շատ կարևոր են այստեղ ԼՂ-ի շուրջ ընթացող գործընթացները: Նույն շրջանակները Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ այն մարդիկ, որոնց իրենք թիրախավորել են, միշտ ինքնուրույն ու անկախ կարծիք են հայտնելու նաև ԼՂ հակամարտության հետ կապված զիջումների հարցում: Բնականաբար, նրանց դիրքերը թուլացնելու, նրանց նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակը Ղարաբաղի հարցում Հայաստանին ներկայացվելիք պահանջների կատարումն  արդյունավետ դարձնելն է»,- ասաց Նավասարդյանը:

Տեսանյութեր

Լրահոս