Զորամասի հրամանատարը, նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը, ավտոտեխնիկայի և հրթիռահրետանային ծառայությունների պետը՝ ամբաստանյալի աթոռին
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը, նրա՝ նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալը, ինչպես նաև ավտոտեխնիկայի և հրթիռահրետանային ծառայությունների պետը հայտնվել են ամբաստանյալի աթոռին։ Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, այն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան։
Ռուդիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՊՆ N զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, պաշտոնատար անձ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 91-րդ հոդվածի պահանջներով պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել սահմանված պաշարների, սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների պահպանության, սարքին վիճակում պահելու և ճիշտ օգտագործելու համար, չի կատարել նշված պահանջները և, հակառակ ծառայության շահերի, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ որպես նախաձեռնող և սրտացավ զորամասի հրամանատար աչքի ընկնելու և վերադաս հրամանատարության դրվատանքին արժանանալու ձգտումով՝ անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը և 2015թ. հունվարից մինչև 2015թ. հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ, զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, մայոր Լևոն Գաբրիելյանի հետ նախնական այմանավորվածության համաձայն՝ զորամասի հաշվեկշռում գտնվող «ՊԱԶ» մակնիշի և «ԶԻԼ» մակնիշի տրանսպորտային միջոցների օգտագործման համար վերջինիս կողմից կազմված կեղծ կարգագրերը հաստատել է և թույլատրել է նրան դրանց հիման վրա նշված ավտոմեքենաների շահագործման համար լրացվող թվով 499 հատ ուղեգրերում վառելիքի ծախսի, երթերի քանակի, միջանկյալ երթուղիների և ավտոմեքենաների հաշվիչի ցուցմունքների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելու եղանակով, այսինքն՝ կեղծ պաշտոնական փաստաթղթեր կազմելու միջոցով, ավել ավտոբենզին դուրս գրել և դրանով փակել նշված տրանսպորտային միջոցների գերածախսը, հոգալ զորամասի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների տեխսպասարկման, իսկ հետագայում՝ նաև իրենց նախաձեռնությամբ զորամասում իրականացվող արտապլանային շինարարական և այլ աշխատանքների համար նախատեսված ծախսերը, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ՝ զորամասի ավտոբենզինի պաշարներից անհիմն դուրս է գրվել 3.962.600 ՀՀ դրամին համարժեք շուրջ 10.160 լիտր ավտոբենզին:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 25-ին նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, մայոր Լևոն Գաբրիելյանի բանավոր զեկույցից տեղեկանալով, որ նույն զորամասի իրային և պարենային ծառայության պետը 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին զորամաս գործուղված անձանց հասանելիք լրացուցիչ 120.6 կգ ձկան պահածոյի և 58.36 կգ խտացրած կաթի չափաբաժինները չի հատկացրել և 2015թ. հոկտեմբերի 21-ին անօրինական դուրսգրումներ կատարելու եղանակով դրանք զորամասի պահեստից դուրս է տարել և իրացրել, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ զինծառայողների մոտ հոգատար և ներողամիտ հրամանատարի տպավորություն ստեղծելու, վերադաս հրամանատարության կողմից հնարավոր դիտողության չարժանանալու, զորամասի վարկանիշը բարձր պահելու շարժառիթներով խախտել է ՀՀ ԶՈՒ կարգապահական կանոնագրքի 4-րդ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 91-րդ հոդվածները, ինչպես նաև չի կատարել ՀՀ ՊՆ հրամանի պահանջները, և հակառակ ծառայության շահերի՝ դրսևորել է իշխանության անգործություն՝ որպես հետաքննության մարմին Զորի Գասպարյանի կողմից կատարված առերևույթ հանցագործության հանգամանքները պարզելու վերաբերյալ նյութեր չի նախապատրաստել, այդ մասին իրավապահ մարմիններին չի հայտնել և թաքցրել է հանցագործության դեպքը:
Լևոն Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, կոչումով մայոր, պաշտոնատար անձ, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի պահանջներով պարտավոր լինելով հսկողություն իրականացնել վառելանյութի, քսանյութերի և հատուկ հեղուկների որակի, օգտագործման ճշտության և խնայողական ծախսման նկատմամբ, չի կատարել նշված պահանջները, և հակառակ ծառայության շահերի, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ որպես նախաձեռնող ու սրտացավ զորամասի հրամանատարի տեղակալ աչքի ընկնելու և վերադաս հրամանատարության դրվատանքին արժանանալու ձգտումով անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը և զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ռուդիկ Գրիգորյանի հետ նախնական պայմանավորվածության համաձայն և վերջինիս թողտվությամբ՝ զորամասի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների զերածախսը փակելու, զորամասի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների տեխսպասարկման, իսկ հետագայում՝ նաև իրենց նախաձեռնությամբ զորամասում իրականացվող արտապլանային շինարարական և այլ աշխատանքների համար նախատեսված ծախսերը հոգալու նպատակով զորամասի ավտոտեխնիկայի և հրթիռահրետանային ծառայությունների պետ, կապիտան Մակիչ Ադամյանի միջոցով, միասնական դիտավորությամբ տրանսպորտային միջոցների օգտագործման համար կեղծ կարգագրեր կազմել և դրանց հիման վրա նշված թվով երեք տրանսպորտային միջոցների շահագործման համար լրացված թվով 499 հատ ուղեգրերում վառելիքի ծախսի, երթերի քանակի, միջանկյալ երթուղիների և մեքենաների հաշվիչի ցուցմունքների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, այսինքն՝ կազմել է կեղծ պաշտոնական փաստաթղթեր, որոնց հիման վրա զորամասի ավտոբենզինի պաշարներից անհիմն դուրս է գրվել 3.962.600 դրամին համարժեք շուրջ 10.160 լիտր ավտոբենզին, որն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ:
Զորամասի ավտոտեխնիկայի և հրթիռահրետանային ծառայությունների պետ, կոչումով կապիտան Մակիչ Ադամյանին ևս նմանատիպ մեղադրանք է առաջադրվել։
Երեք ամբաստանյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Քրեական գործը մակագրվել է դատավոր Սուրեն Բաղդասարյանին, ով օգոստոսի 29-ին այն վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել։