«Ռուսաստանը լուրջ ու վտանգավոր գործընթաց է սկսել, որի նպատակն է՝ սպանել Հայաստանում քաղաքացիական հասարակությունը». Ստյոպա Սաֆարյան

«Ռուսաստանը գրոհ է սկսել Հայաստանում քաղաքացիական հասարակության նկատմամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին «հայկական սփյուռքի ներկայացուցիչների» անունից տարածվող «գաղտնազերծումներին» և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի արտաքսմանը Ռուսաստանի Դաշնությունից:

Հիշեցնենք, որ վերջին օրերին համացանցում իրար հերթ չտալով՝ շրջանառության մեջ դրվեցին ռուսալեզու հրապարակումներ «հայկական սփյուռքի» անունից այն մասին, թե Հայաստանում ինչ քաղաքական, քաղաքացիական, օտարերկրյա գործիչներ են աշխատում՝ իբրև թե ընդդեմ ՀՀ շահերի և ի օգուտ ԱՄՆ-ի` նրանց որակելով, որպես ԱՄՆ գործակալներ: Հրապարակումներում ՀՀ իշխանություններին կոչ էր արվում այդ գործիչների դեմ քայլեր ձեռնարկել: Ավելին, երեկ հայտնի դարձավ, որ օրերս արգելվել է արևմտյան որոշ կազմակերպությունների հետ աշխատող Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ մինչև 2030 թվական:

Ստյոպա Սաֆարյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս իրադարձություններին՝ ասաց, որ հենց առաջին զրպարտագրից, որը տարածվեց հայկական համայնք կոչվածի անունից, որը, իհարկե, հայկական համայնքի հետ որևէ կապ չունի, պարզապես ինչ-որ մեկի անունից   ՌԴ հատուկ ծառայություններն են կազմակերպում, հասկանալի դարձավ, որ գործ ունենք հստակ քաղաքականության հետ: Ըստ Սաֆարյանի՝ դա որևէ մակարդակի չինովնիկի կամ որևէ մեկի նախաձեռնությունը չէ:

«Ամբողջ հարցն այն է, որ արդեն քանի տարի է, ինչ ՌԴ-ն մի քանի անգամ փորձել է հասկացնել ՀՀ իշխանություններին հալածանքների ենթարկել անկախ կազմակերպություններին: Հիշեցնեմ Վոլինկինի հայտարարությունները 100-ից ավելի կազմակերպությունների կողմից հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու մասին: Հիշում եք նաև հ/կ-ների օրենքի ժամանակ իրենց դիրքորոշումը, երբ Վոլինկինը կրկին հորդորեց ՀՀ իշխանություններին՝ օրինակ վերցնել ՌԴ-ից, որտեղ արևմտյան ֆոնդերի կազմակերպությունների հետ համագործակցող կազմակերպություններին բացահայտ արտերկրի գործակալ են հայտարարում:

Բավականին ակնառու էր ռուսական արձագանքը թե՛ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը հաջորդած բողոքի ցույցերի ժամանակ, թե՛ նույնիսկ «Սասնա ծռերի» գործունեության հետ կապված, երբ ակնհայտորեն նրանք հակառուսական կրքեր թեժացնելու մեջ էին մեղադրում արևմտյան ֆոնդերի հետ աշխատող կազմակերպություններին և հաստատություններին:

Այսինքն` սկսեցին անուղղակի կերպով հասկացնել, թե ինչ պետք է արվի Հայաստանում: Բայց ես տեսնում եմ, որ ի պատիվ իրենց՝ ՀՀ իշխանությունները որևէ կոշտ քայլ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ: Ավելին, երբ ճիշտ հակառակ մեսիջներն են ստանում Հայաստանից, անցել են բացարձակապես կացնային մեթոդների: Ռուսաստանը գրոհ է նախաձեռնել ՀՀ ժողովրդավարության նկատմամբ: Առիթ ունեցել եմ մի քանի հարցազրույցներում խոսելու այն մասին, որ Հայաստանին ցանկանում են տանել Ադրբեջանի ճանապարհով, Իլհամ Ալիևը գնաց այդ տխրահռչակ ուղիով` քաղաքացիական հասարակության ակտիվ ներկայացուցիչներին բանտ գցեց: Կհիշեք երկու տարի առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հարցազրույցը, որտեղ նա կոնկրետ անդրադառնալով այդ խնդրին՝ ասում էր հետևյալը.

«Այն, ինչ անում է Իլհամ Ալիևը, կապ չունի իր իշխանությունը պահելու հետ, այլ կապ ունի երրորդ երկրի շահեր սպասարկելու հետ»: Այսինքն` բացահայտ կերպով ԱՄՆ դեսպանը մեղադրեց Ադրբեջանի նախագահին այլ երկրի շահեր սպասարկելու մեջ, իհարկե, գյուլենականների ցուցակները գալիս էին Անկարայից, իսկ արևմտամետների ցուցակները` Ռուսաստանից: Իսկ Հայաստանը համառորեն հրաժարվում է գնալ Ադրբեջանի ճանապարհով, որի արդյունքում ռուսական կատաղությունը հասել է իր գագաթնակետին»,- նման մեկնաբանությամբ հանդես եկավ Ստյոպա Սաֆարյանը` շարունակելով, որ Ստեփան Գրիգորյանի մուտքը ՌԴ արգելելու միջոցով ռուսական կողմը  փորձում է ուղերձ հղել բոլոր նրանց, ովքեր ազատ կարծիքներ են հայտնում Ռուսաստանի և նրա վարած քաղաքականության հասցեին:

Սակայն, ըստ վերլուծաբանի, այդ ուղերձի կրողը միայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չեն, այլև ՀՀ իշխանությունները: Նրա համոզմամբ՝   եթե ՀՀ իշխանությունները չգիտակցեն, որ չեն կարող պարզապես բավարարել Ռուսաստանի այս կամակորությունները, կարող են արժանանալ Յանուկովիչի ճակատագրին և նման կտրուկ քայլերից հետո հայտնվել Ռուսաստանի իշխանության գրպանում: «Ուզում եմ հավատալ և հույս հայտնել, որ այդքան ողջամտություն ունեն, գիտակցում են, որ վերջին երկու տարիներին Մոսկվան անընդհատ ՀՀ իշխանություններին փորձում է դրդել կոշտ ուժ կիրառելուն քաղաքացիական հասարակության նկատմամբ, դա անում էր «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, երբ փորձում էին դա որակել Մայդան, փորձում էին դա անել «Սասնա ծռերի» դեպքում՝ հասկանալով, որ արյուն թափելու դեպքում Սերժ Սարգսյանը և ՀՀ իշխանություններն առանց այլընտրանքի հայտնվելու են իրենց գրպանում»,- նկատեց Սաֆարյանը

Վերջինս հիշեցրեց նաև ամիսներ առաջ իր հետ պատահածը: «Ակնհայտորեն՝ ծագումով հայ, բայց ՌԴ քաղաքացու ուղարկեցին փողոցում թատրոն տալու, որի նպատակն էր իմ նկատմամբ հասարակական վերաբերմունքի փոփոխությունը, երբ պահանջում էր առաջնորդվել ոչ թե՝ ՀՀ շահերով, այլ՝ Ռուսաստանում ապրող հայության շահերով, նրանց համարելով պատանդ Ռուսաստանի իշխանությունների ձեռքում: Ակնհայտ էր, որ այդ ամբողջ թատրոնն իրականում նաև նման մեսիջ էր: Արդեն գործունեության այլ ձևերի են անցել և Ստեփան Գրիգորյանի միջոցով հասկացնում են, որ նաև կարող են սպասվել դեպորտներ, ձերբակալություններ և այլն»,- ասաց Սաֆարյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ այս գործունեության թիրախում ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրն է, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց՝ հիշեցնելով ԱլԳ Վիլնյուսյան գագաթաժողովը: «Վիլնյուսում Հայաստանն ու ԵՄ-ն համաձայնեցրեցին այն ուղղությունները, որոնցում կկարողանան շարունակել համագործակցությունը, որոնցից մեկը քաղաքացիական հասարակության դաշտն էր: Այն ավելի ընդգծվեց հետագայում ԵՄ-ի կողմից, ինչը կատաղեցնում է Մոսկվային, որովհետև ԵՏՄ-ն, Նազարբաևի և Լուկաշենկոյի պնդմամբ, դարձավ տնտեսական կառույց, և քաղաքական կյանք ներխուժելու Մոսկվայի հնարավորությունները բացառվեցին, ուստի  մնացել են պայքարի այս ձևերը:

Ռուսաստանի այս ագրեսիվ քայլերը, որոնք առայժմ միջնորդավորվում են ծագումով հայ մարդկանց միջոցով, բայց ակնհայտորեն նրանց տրամադրվում են հատուկ ծառայությունների, սահմանապահ ծառայությունների տրամադրության տակ գտնվող փաստաթղթեր, ինչպիսիք, օրինակ, ԱՄՆ դեսպանատան անձնակազմի անձնագրերի սկաններն են, ակնհայտ են դարձնում, որ մենք գործ ունենք բավականին լուրջ ու վտանգավոր գործընթացի հետ, որի նպատակն է՝ սպանել Հայաստանում քաղաքացիական հասարակությունը: Ի վերջո, այս տարածաշրջանում այն, ինչ Ռուսաստանն արեց Ադրբեջանի հետ, պատկերավոր է, եթե անգամ չկարողացավ շատ մոտեցնել Ադրբեջանին Ռուսաստանին, կարողացավ կտրել Ադրբեջանին Արևմուտքից:

Եվ սա գոնե այն նվազագույնն է, որը հետապնդում է Ռուսաստանը Հայաստանում, և, հետևաբար՝ իհա՛րկե, թիրախն Ասոցացման համաձայնագիրն է, որպեսզի Հայաստանը քաղաքացիական հասարակության զարգացման ոլորտում ԵՄ-ի հետ չգնա շատ ավելի առաջ»,- մեկնաբանեց Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ առջևում` 2017 թվականին, Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում:

«Մի փաստի վրա եմ ուշադրություն հրավիրել: Ես այդ մասին խոսել եմ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ Վալենտինա Մատվիենկոն 2012թ. ամռանը, գալով ՀՀ՝ պահանջել էր, որպեսզի Հաայաստանի քաղաքական և քաղաքացիական դաշտը բացվեն Ռուսաստանի աշխատանքի համար: Սա տեղ էր գտել ԱԺ տարածած հաղորդագրությունում, դա եղել էր Վալենտինա Մատվիենկոյի և ԱԺ նախագահի, նրա և ՀՀ նախագահի հանդիպումների արդյունքներից մեկը: 2012թ. մի շարք կուսակցություններում բավականին հետաքրքիր դրություններ ստեղծվեցին, ռուսական թևեր առաջացան, սա նույնպես աշխատանքի մի մասն էր, և ես վստահ եմ, որ այժմ էլ` գալիք ընտրություններից առաջ, ինտենսիվորեն աշխատելու են, որպեսզի կուսակցությունների ցուցակների վերին օղակներում լինեն ռուսամետ մարդիկ, և պատահական չէր, որ ՀՀ-ն անցնցում, սահուն կերպով անդամակցեց ԵՏՄ-ին, որովհետև 2012թ. Ռուսաստանն աշխատում էր այդ ուղղությամբ, բերելով խորհրդարան այնպիսի հռետորների, որոնք կլեգիտիմացնեին այդ գործընթացը: Նրանք ստեղծելու են նաև կեղծ պրոարևմտյան ուժեր, որպեսզի կառավարեն հակառուսական և պրոեվրոպական էլեկտորատներին»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս