Գերմանիայի բանակը սիրիացի փախստականներին շինարարական գործ կսովորեցնի
Գերմանիայի զինված ուժերը պիլոտային նախագիծ են գործարկել սիրիացի փախստականներին շինարարության հմտություններ սովորեցնելու համար:
Ծրագրի պաշտոնական մեկնարկը այսօր տվել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Գերմանիայի աշխատանքի տեղավորման դաշնային գործակալության տնօրեն Ֆրանկ-Յուրգեն Վայզեն:
Associated Press-ը հայտնում է, որ պարապմունքներն սկսվել էին այս շաբաթ: Ուսուցման ծրագիրը տևելու է 12 շաբաթ, որի ընթացքում որոշ զինվորական փորձագետներ 120 փախստականների սովորեցնելու են ինժեներական և շինարարական աշխատանքների հմտություններ:
Գերմանիայում հուսով են, որ այդ հմտություններն օգտակար կլինեն փախստականներին,երբ վերջիններս վերադառնան Սիրիա:
Միաժամանակ, Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ անգամ այն դեպքում, եթե սիրիացի փախստականները հրաժարվեն վերադառնալ հայրենիք, նրանց փորձն անհրաժեշտ կլինի Գերմանիային և կօգնի արագ ինտեգրվել հասարակությանը: