«Իր ժողովրդավարության չափանիշներով Արցախը գերազանցում է անգամ որոշ ճանաչված երկրների». Աշոտ Ղուլյան
Գիտելիքի եւ դպրության օրը` սեպտեմբերի 1-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այցելել է Արցախի պետական համալսարան:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանի ու կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանի ուղեկցությամբ խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել Արցախյան ազատամարտում զոհված ուսանողների հիշատակին նվիրված հուշակոթողին:
Այնուհետեւ Ազգային ժողովի նախագահը համալսարանի մեծ դահլիճում հանդիպել է պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ:
Աշոտ Ղուլյանը ներկաներին շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ եւ հանդես եկել բանախոսությամբ` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է» թեմայով:
Խորհրդարանի ղեկավարն ամփոփ ներկայացրել է 25-ամյա հանրապետության ձեռքբերումներն եւ խոսել խնդիրների ու անելիքների մասին: «Մենք անկախություն ենք հռչակել, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր ազատությունը: Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային նորմերի ու գործող օրենսդրության շրջանակներում, եւ այսօր իր կայացվածությամբ ու ժողովրդավարության չափանիշներով Արցախը գերազանցում է անգամ որոշ ճանաչված երկրների», – ընդգծել է Աշոտ Ղուլյանը:
Ելույթի ավարտին Ազգային ժողովի նախագահն ուսանողներին ուսումնառության տարիներն արդյունավետ օգտագործելու կոչ է արել եւ հիշեցրել, որ այսօր, առավել քան երբեւէ, պահանջված ու թանկ են գնահատվում մարդկային արարող, ստեղծագործական միտքը, գիտելիքն ու նորարարության գաղափարը:
ԼՂՀ ԱԺ