«Ռուսաստանը չի պատրաստվում այս ու այն կողմ ընկնել Եվրոպայի և Ասիայի միջև». Լավրով
Ռուսաստանը չի պատրաստվում այս ու այն կողմ ընկնել Եվրոպայի և Ասիայի միջև, բայց բազմավեկտոր ինքնուրույն ուղեգծի հետամուտ կլինի արտաքին քաղաքականության բնագավառում: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների առջեւ:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ լիարժեք հարաբերությունների վերականգնմանը, բայց իրավահավասարության հիման վրա: «Մենք չենք պատրաստվում երես դարձնել որեւիցե մեկից: Մենք պատրաստ ենք նորմալ, լիարժեք հարաբերություններ վերականգնելու ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ, բայց բացառապես իրավահավասարության հիման վրա՝ առանց այդ հարաբերությունները մեկ դարպասի խաղի վերածելու որեւէ փորձի»,- ասել է նա:
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ գործերը «սովորականի նման» վարել արդեն չի ստացվի, ՌԴ-ն աշակերտի «վիճակում» չի լինի: ՌԴ-ն պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ-ի ցանկացած նոր ղեկավարի հետ: «Մենք պատրաստ կլինենք աշխատելու ցանկացած ղեկավարի հետ, որը վստահություն կստանա ազատ ժողովրդավարական ընտրությունների ընթացքում»,- ասել է Լավրովը:
ՌԴ-ի արտաքին գործերի նախարարը նաեւ հայտարարել է, որ նոր սառը պատերազմի սկսվելը քիչ հավանական է, իրադարձությունների նման զարգացման համար նախադրյալներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: