Սելենա Գոմեսը կընդհատի կարիերան գայլախտի պատճառով
Ամերիկացի փոփ-երգչուհի եւ դերասանուհի Սելենա Գոմեսը որոշել է դադար տալ կարիերայում գայլախտի հարուցած բարդությունների՝ դեպրեսիաների եւ խուճապային գրոհների պատճառով: Գոմեսը չի ճշտել, թե հատկապես երբ ինքը կավարտի հյուրախաղերը, բայց Եվրոպայում եւ Հարավային Ամերիկայում նրա շրջագայությունը կտեւի մինչեւ տարեվերջ, հաղորդում է The Guardian-ը:
«Ես ցանկանում եմ կենտրոնանալ իմ առողջության եւ երջանկության վրա եւ որոշել եմ, որ ավելի լավ է որոշ ժամանակով դադար տամ: Ինձ անհրաժեշտ է հաղթահարել դա, եւ ես պետք է իմանամ, որ հնարավոր ամեն բան անում եմ»,- պարզաբանել է 24-ամյա արտիստուհին:
Զանգվածային լրատվամիջոցներն առաջին անգամ Գոմեսի հիվանդության մասին իմացել են 2013 թվականին, բայց նա լուրերը հաստատել է սոսկ երկու տարի անց: Երգչուհին ասել է, որ քիմիաբուժության մի քանի կուրս է անցել, ինչը խիստ ազդել է իր ինքնազգացողության եւ ընդհանուր վիճակի վրա:
Նշենք, որ սիստեմային կարմիր գայլախտն աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգի կողմից արտադրվող հակամարմինները վնասում են առողջ բջիջները: Վնասվում է առավելապես շարակցական հյուսվածքը: Հիվանդների մոտ հաճախ հայտնվում է ցան դեմքին, նրանք գանգատվում են ջերմության բարձրացումից, թուլությունից, գլխի եւ մկանային ցավերից: