«Իշխանությունները քննարկում են ստորագրված ընտրացուցակները հրապարակելու տարբերակը». Հովհաննես Սահակյան

ՀՀ իշխանությունները, որպես ընտրությունների ժամանակ մատնահետքերով էլեկտրոնային գրանցման գործընթաց կազմակերպելու այլընտրանք,  քննարկում են ստորագրված ցուցակները հրապարակելու տարբերակը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

«Դուք տեսաք, որ 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում հնարավոր եղավ համաձայնության հասնել, մենք վստահության մթնոլորտ ձևավորելու համար ընդառաջ գնացինք ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջարկներին և Ընտրական օրենսգրքում կատարեցինք երկու լրացուցիչ փոփոխություն, որոնցից մեկը պայմանով էր, մեկն առանց պայմանների: Մենք հստակ նշել էինք, որ միջազգային կառույցները պետք է մինչև սեպտեմբերի 1-ը տան իրենց դրական եզրակացությունը մատնահետքերով գրանցման էլեկտրոնային գործընթացի կազմակերպումը ֆինանսավորելու, ինչպես նաև ժամկետների մեջ տեղավորվել ու հարցում: Սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ԿԸՀ ուղարկած իր նամակում հայտնել էր, որ այդ գործընթացը տեխնիկապես հնարավոր չէ կազմակերպել, եթե նույնիսկ լինեն ֆինանսական միջոցները, քանի որ ժամանակը կարճ է»,- ասաց Հ. Սահակյանը:

Նրա կարծիքով՝ այնուամենայնիվ, Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները պետք է շարունակվեն՝ ընդհանուր եզրեր գտնելու և դրանց շուրջ համաձայնության հասնելու համար:

«Դա կլինի ստորագրված ցուցակների հրապարակումը, թե այլ մեթոդներ, առաջիկայում կերևա: Քննարկումներն այս պահին շարունակվում են: Մենք պետք է ընդհանուր եզրահանգման գանք, որպեսզի կարողանանք պահպանել վստահության մթնոլորտը, որը ձևավորվել էր նախորդ համաձայնության արդյունքում:

Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ առանց այլ փոփոխությունների էլ ընտրական օրենսգիրքը կար ող է ապահովել արդար և թափանցիկ ընտրություններ, սակայն այս դեպքում պակասում է հենց վստահության մթնոլորտը: Մեր ընդդիմադիր գործընկերները չեն տեսնում այդ վստահության մեխանիզմները, ուստի մենք պետք է կարողանանք ընդհանուր եզրեր գտնել և ապահովել այդ մթնոլորտը, որպեսզի պարտվողը իր պարտության պատճառները տեսնի միայն իր մեջ, այլ ոչ թե դիմացինին մեղադրի դրա համար»,- ասաց Հ.Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս