Չավուշօղլուն վիզային ռեժիմի դյուրացում է պահանջել ԵՄ-ից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մինչև 2016 թվականի հոկտեմբերի վերջ իրենք ակնկալում են վիզային ռեժիմի դյուրացում Եվրամիության հետ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Մենք ակնկալում ենք, որ Եվրամիությունը կկատարի իր խոստումը: ԵՄ-ն Թուրքիային վիզային ռեժիմի դյուրցում է խոստացել, ինչպես նաև ֆինանսական աջակցություն Թուրքիայում գտնվող սիրիացիներին: Չնայած Էգեյան ծովում անկանոն ներգաղթը հսկողության տակ առնելու անհրաժեշտությանը, չի երևում, որ ԵՄ-ն ցանկանում է կատարել իր խոստումը: Եթե ԵՄ-ն չկատարի իր պարտավորությունները, Թուրքիան միայնակ չի կարողանա շարունակել դեպի Եվրամիություն անկանոն ներգաղթը կասեցնելու գործը: Ակնկալում ենք, որ ամենաուշը մինչև 2016 թվականի հոկտեմբեր Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացում կլինի»,- ասել է Չավուշօղլուն:

Խնդրի առնչությամբ գերմանական Handelsblatt պարբերականին մեկնաբանություն է տվել Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը, ով հայտարարել է, որ անհրաժեշտ է փախստականների հարցով համաձայնագիրը դիտարկել վիզայի դյուրացումից առանձին: Անդրադառնալով Թուրքիայի` 2023 թվականին ԵՄ-ին անդամակցելու հնարավորությանը` Հանն ասել է. «Այսօրվա դիտակետից նայելիս պատասխանը մեկն է` ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս