
100 տարեկան հնդկուհին մասնակցել է վազքի միջազգային մրցումներին

Հնդկաստանի հարյուրամյա բնակչուհին՝ Ման Կաուրը, մասնակցել է զանգվածային միջազգային վազքահերթին, որն ավարտվել է Վանկուվերում (Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգ): Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը:
100 մետր տարածությունը հաղթահարելու համար երկարակյացին պահանջվել է մեկուկես րոպե: Եզրագծում, ի թիվս վազքի այլ մասնակիցների, նրան դիմավորել է նաեւ որդին՝ 78-ամյա Գուրդեւ Սինգհը, որը նույնպես կարողացել է անցնել 100-մետրանոց տարածությունը: Americas Masters Games թեթեւատլետիկական մրցումներին մասնակցել են 30-ից բարձր տարիքի մարզիկներ: Նրանց առաջարկվում էր իրենց ուժերը փորձել տարբեր տարածություններում:
Ինչպես պատմել է Սինգհը, իր մայրն սկսել է վազքով զբաղվել 93 տարեկան հասակում: Այդ ժամանակվանից նա ստացել է ավելի քան քսան մեդալ, այդ թվում՝ երեք ոսկե: Դրանցից մեկը Ման Կաուրը նվաճել է Վանկուվերում 100-ից բարձր տարիքի մարզիկների խմբում, որտեղ միակ ներկայացուցչուհին էր:
Իր հաջողությունների գաղտնիքը երկարակյացը համարել է «լավ սնունդը եւ ֆիզիկական վարժանքները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: