Բաժիններ՝

Շտայնմայերը ﬔրժել է Անկարայի պահանջը` հրաժարվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սպառնացել է Թուրքիայում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս բերել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիային մասնակցող Գերմանիայի բունդեսվերի ներկայացուցիչներին, եթե Անկարայի պաշտոնական իշխանությունները շարունակեն խոչընդոտել գերմանացի պատգամավորների այցին ռազմաբազա, որտեղ տեղակայված են նաև գերմանական ինքնաթիռները: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Շտայնմայերը գերմանական ARD հեռուստաընկերության եթերում հայտնել է, որ երբ Բունդեսթագը քննարկի Թուրքիայում գերմանացի զինծառայողների տեղակայման մանդատի երկարաձգման հարցը, համապատասխան կոմիտեների պատգամավորները պետք է հնարավորություն ունենան այցելել «Ինջիրլիք» բազա:

Շտայնմայերը հայտարարել է, որ ձգտելու է համոզել Թուրքիայի իշխանություններին թույլատրել գերմանացի խորհրդարանականներին այցելել բազա:

Միաժամանակ, նա մերժել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի պահանջը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե Բունգեսթագի պատգամավորները Թուրքիայի տարածք մուտք կգործեն միայն այն դեպքում, եթե Գերմանիայի կառավարությունը հրաժարվի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից:

«Ես այդտեղ ուղիղ կապ չեմ տեսնում և բազմիցս ասել եմ այդ մասին իմ թուրք գործընկերներին»,- բացատրել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը:

«Ինջիրլիքում», որը օգտագործվում է ՆԱՏՕ-ի և ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի կողմից, տեղակայված են հետախույզ ինքնաթիռներ, ինչպես նաև Բունդեսվերի շուրջ 250 գերմանացի զինծառայողներ:

Առաքելության մանդատի ժամկետն սպառվում է 2016թ. դեկտեմբերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս