Բաժիններ՝

Կուբան անընդունելի է համարել Չե Գևարայի մասին Թուրքիայի մեջլիսի նախագահի արտահայտությունները

Կուբան անընդունելի և թուրք-կուբայական հարաբերություններին ոչ հարիր է համարել Չե Գևարայի մասին Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանի արտահայտությունները, ով լատինամերիկացի հեղափոխական գործիչ Էռնեստո Չե Գևարային անվանել է մարդասպան և բանդիտ, հայտարարել է Անկարայում Կուբայի դեսպան Ալբերտո Գոնսալես Կազալսը:

Քահրամանը նախօրեին Չե Գևարային անվանել էր «մարդասպան» և քննադատել էր թուրք երիտասարդությանը նրա նկարներով հագուստ և խորհրդանիշներ կրելու համար:
Թուրքիայի խորհրդարանի խոսնակի խոսքով` Թուրքիան ունի պատմական հերոսների, որոնցով կարելի է հպարտանալ` դրա հետ կապված նշելով սուլթան Մեհմեդ 2-րդ Ֆաթիհ Նվաճողին, որը 1453թ. գրավել էր Կոստանդնուպոլիսը:

«Խոսնակի այդ հայտարարությունն անընդունելի է: Ես ցանկանում եմ հավատալ, որ դա մեծամասամբ կապված է Չե Գևարայի պատմության խեղաթյուրման և թյուրընկալման հետ: Նա ոչ միայն Կուբայի, այլև ողջ Լատինական Ամերիկայի խորհրդանիշն է:

Նման կարգի հայտարարությունները չեն համապատասխանում Թուրքիայի և Կուբայի բարեկամական հարաբերությունների ոգուն»,- ասել է Կազալսը Hurriyet-ին տված հարցազրույցում` նշելով, որ անգամ Կուբայի «ոխերիմ թշնամիները» նման կտրուկ խոսքեր չեն ասել Չեի մասին:

«Մենք չենք պահանջում, որ մեր գաղափարները լինեն ընդհանուր: Մենք խնդրում ենք հարգել մեր խորհրդանիշները»,- հավելել է դեսպանը:

Դրանից հետո Թուրքիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ Քահրամանի խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս