ԱՄՆ-ում պատժել են Քլինթոնի առողջության մասին գրած լրագրողին
Ամերիկյան ազդեցիկ Huffington Post պարբերականը հեռացրել է իր հեղինակներից մեկի` Դևիդ Սիմանի հոդվածներն ու արգելափակել է նրա օգտահաշիվներից մեկը, որտեղ նա անդրադարձել էր ԱՄՆ նախագահի թեկնածու, 68-ամյա Հիլարի Քլինթոնի առողջական վիճակին:
Օգոստոսին լրագրողը հրապարակել էր երկու սյունակ, որտեղ խոսքը Քլինթոնի առողջական վատ վիճակին էր վերաբերում: Իր հրապարակումներում Սիմանը հասկացրել էր, որ ԱՄՆ նախագահի թեկնածուն պետք է ամերիկյան հասարակությանը պատասխաններ տա նման հարցերի վերաբերյալ:
Ավելի ուշ նրա երկու հոդվածներն էլ հեռացվել էին թերթի կայքից «առանց պատճառների մասին բացատրելու»:
«Սա ի՞նչ է, Չինաստա՞նն է: Մի՞թե մարդիկ պաշտպանված չեն Սահմանադրության առաջին կետով, որը պաշտպանում է խոսքի և տպագրության ազատությունը»,- գրել է Սիմանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Քլինթոնի մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Հիլարին բավականաչափ ուժեղ չէ ֆիզիկապես, որպեսզի նախագահ դառնա: