Բիշքեկում` Չինաստանի դեսպանատան մոտ պայթյունը որակվել է ահաբեկչություն
Ղրղըզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը հայտարարել է, թե Բիշքեկում` Չինաստանի դեսպանության տարածքում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, տեղի ունեցածն էլ ահաբեկչություն է, հայտնում է Zanoza.kz-ն:
«Մեքենան դեսպանության տարածք է մտել 40-50 մետր, դա եղել է մահապարտ ահաբեկիչ»,- ասել է նա:
Ղրղըզստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեսպանության տարածքում տեղի ունեցածը եղել է ահաբեկչական հարձակում, հայտնում է RIA Novosti-ն:
Երկրի ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ արտակարգ դեպքի մասին լուրն ստացվել է տեղի ժամանակով ժ. 10.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժ. 08.00-ին):
Պայթել է Mitsubishi Delica մեքենան, ինչի հետևանքով զոհվել է վարորդը, դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության 2 աշխատակից վնասվածքներ է ստացել:
Ականատեսներից մեկը գործակալությանը պատմել է, որ պայթուցիկով լի ավտոմեքենան ներխուժել է դեսպանության տարածք և պայթել դեսպանի նստավայրից ոչ հեռու:
Պայթյունի հետևանքով կոտրվել են հարևան տների ապակիները, խանութներում վնասվել են ցուցափեղկերը:
https://www.youtube.com/watch?v=P41hTChNe0E