
Հռոմի պապն ընդունել է Մարկ Ցուկերբերգին

Հռոմի Ֆրանցիսկոս պապն օգոստոսի 29-ին ընդունել է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Այս մասին լրագրողներին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Գրեգ Բերկը:
«Նրանք խոսել են այն մասին, թե ինչպես հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործել աղքատության դեմ պայքարելու համար, օժանդակել հանդիպումների կուլտուրային եւ ինչպես անել, որ բնակչության ամենախոցելի շերտերին հասցվի հույսի ուղերձը»,- Բերկի խոսքը մեջբերում է Il Messaggero թերթը:
Մամուլի ծառայության ղեկավարը նաեւ նշել է, որ Ցուկերբերգը քահանայապետի մոտ ունկնդրության էր եկել իր կնոջ՝ Պրիսցիլա Չանի հետ միասին:
Ինչպես հայտնել է ժողովրդականություն վայելող սոցիալական ցանցի հիմնադիրը, ինքը Հռոմ է ժամանել, որպեսզի հանդես գա երկրի առաջատար համալսարաններից մեկի՝ Luiss-ի ուսանողների առջեւ: