«Գազպրոմ Արմենիա»-ն գրենական պիտույքներ է հանձնել սահմանամերձ գյուղերի առաջին դասարանցիներին

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը անակնկալ էր պատրաստել հանրապետության սահմանամերձ գյուղերի առաջին դասարան հաճախող երեխաների համար:

Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի 30 սահմանամերձ գյուղերի բոլոր երեխաները, ովքեր սեպտեմբերի 1-ին առաջին անգամ այցելելու են դպրոց, Ընկերության կողմից նվեր ստացան դպրոցական պարագաների ամբողջական հավաքածու՝ պայուսակներ, տետրեր, գրիչներ, նկարչական ալբոմներ, գունավոր մատիտներ և այլն:

Ընկերությունից տեղեկացնում են, որ «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները նվերներ հանձնեցին ավելի քան 540 առաջին դասարանցիների՝ միաժամանակ փոխանցելով նաև Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, և բարեմաղթանքները՝ գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն անող երեխաներին:

Այգեպար, Սևքար, Բերդավան, Կողբ, Արծվաբերդ, Վահան, Խաչիկ, Երասխ և մնացած բոլոր սահմանամերձ գյուղերում Ընկերության նվերներն ընդունվեցին մեծ խանդավառությամբ. փոքրիկները, ովքեր այս տարի հրաժեշտ են տալիս մանկապարտեզին, մանկական խաղերին ու խաղալիքներին և ոտք են դնելու դպրոցական կյանք, հետաքրքրասեր ու փայլող աչքերով պրպտում էին պայուսակների պարունակությունը, ուսումնասիրում գրենական պիտույքներն ու նորից խնամքով հետ դասավորում պայուսակների մեջ:

Օրը նրանց համար վերածվել էր անմոռանալի տոնի։ Երեխաների տպավորությունները շատ խոսուն էին, ոգևորությունը՝ անսահման:

Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր համայնքի դպրոցի ուսուցիչների խոսքով՝ դպրոցական առաջին տարիները հիշվում են ողջ կյանքի ընթացքում: «Տարիներ անց, ով էլ որ դառնան այս երեխաները՝ ճանաչված գիտնական թե հասարակ հողագործ, միշտ հիշելու են, որ առաջին դպրոցական պայուսակը, առաջին գրիչն ու տետրն իրենց նվիրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը»:

Ծնողների և դպրոցների տնօրենների խոսքով, «Գազպրոմ Արմենիա»-ի այս ձեռնարկը չափազանց կարևոր է, քանի որ սահմանամերձ համայնքների դպրոցականներն իսկապես ունեն ուշադրության և հոգածության կարիք:

«Շնորհակալ ենք մեր երեխաներին դպրոցական պարագաներ նվիրելու համար: Այս ամենն անհրաժեշտ է առաջին դասարանցիներին: Պայուսակներն ու դպրոցական պարագաները ոչ միայն շատ գեղեցիկ են, այլև զգացվում է, որ ընտրված են հատուկ ուշադրությամբ՝ և աղջիկների, և տղաների համար», – նշեց իր երեխային դպրոց ճանապարհող Սևքարեցի Լիլիթ Չիբուխչյանը:

«Ուսուցիչների, ապագա աշակերտների և նրանց ծնողների անունից շնորհակալություն եմ հայտնում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Սա շատ կարևոր, անհրաժեշտ և բարի ծրագիր է: Այս նվերները կթեթևացնեն ծնողների հոգսերը՝ ազատելով լրացուցիչ ծախսերից: Եվ իհարկե, ամենակարևորը՝ ուշադրությունն է», – ասաց Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Թամանյանը:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Գազպրոմը՝ երեխաներին» սոցիալական ծրագրի շրջանակում մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանի և Արցախի ուսումնական հաստատություններին, իսկ այս տարի առաջին անգամ հանդես եկել նմանօրինակ նախաձեռնությամբ՝ առանձնահատուկ վերաբերմունք դրսևորելով սահմանամերձ գյուղերին:

Տեսանյութեր

Լրահոս