Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել են նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների վարժանքները
ՌԴ Հարավային ռազմական օկրուգում անցկացվող հատուկ զինավարժանքների շրջանակներում ավարտվել են Հայաստանի ռուսական ռազմակայանում նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների հատուկ մարտավարական վարժանքները:
Վարժանքների ընթացքում զինծառայողները կատարել են ավտոշարասյան կազմում ռազմական տեխնիկայի շարժման համակողմանի ապահովման խնդիրները՝ 30 եւ 100 կիլոմետր երթեր կատարելիս: Մշակվել են տեխնիկայի լրալցավորման, դաշտային պայմաններում տաք կերակրի պատրաստման եւ հացի թխման, պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման դիմագրավման, անձնակազմի եւ տեխնիկայի տարահանման հարցերը:
Ավտոշարասյուների մարտական պահպանությունն ապահովել են հետախուզական ստորաբաժանումները, ինչպես նաեւ անօդաչու թռչող ապարատների անձնակազմերը՝ «Նավոդչիկ», «Օռլան-10» եւ «Տախիոն» արդի համալիրների, ՊԶՌԿ «Ստրելա» շարժական զենիթահրթիռային համալիրի եւ ձեռքի հակատանկային համալիրի օգտագործմամբ:
«Ռուսական զորամիավորման նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների հատուկ մարտավարական վարժանքներին մասնակցել են շուրջ 200 զինծառայողներ եւ ավելի քան 100 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ բանակային եւ անօդաչու օդուժը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: